211652_close_icon
views-count41119 դիտում article-date 15:11 16-07-2022

Լարված իրավիճակ Երևանում․ բնակիչներն ասում են․ ««Վեոլիա Ջուրը» 3 ամիս է դարձել է «3 գլխանի հրեշ», քաղաքապետարանն էլ ոչ գվվում է ոչ բվվում․ Արաբկիրի թաղապետարանն էլ ասում է՝ «մենք անզոր ենք»»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 16-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի 15 և 13 բազմաբնակարանային շենքերի բնակիչները հավաքվել էին բակում ու փորձում էին հասկանալ, թե երբ է լուծվելու մոտ 3 ամիս իրենց համար արդեն անլուծելի թվացող ջրի խնդիրը։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «3 ամիս է՝ «Վեոլիա Ջուր» կոչեցյալ ընկերությունը մի իսկական պատուհաս է դարձել մեզ համար։ 3 ամիս է, ամեն օր մի քանի անգամ ահազանգում ենք այդ վայ «Վեոլիա Ջրին» ու ուզում իմանալ, թե ինչն է պատճառը, որ ամառվա այս տապին մեր նկատմամբ մի իսկական անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում։ 

Ո՞վ է տեսել՝ 21-ր դարում նման մոտեցում ցուցաբերվի քաղաքացու նկատմամբ։ Մենք արդեն այն մտքին ենք, որ միտումնավոր են անում։ Ու կարծում ենք, որ «Վեոլիա Ջուրը» դարձել է էս ազգի կույրաղիքը։

Ամեն անգամ զանգահարում ենք, խնդրում, որ երբ է լուծվելու պայմանագրով նախատեսված մեզ հասանելիք ջրի խնդիրը։ Ամեն անգամ ստանում ենք նույն պատասխանը․ «Խնդրին տեղյակ ենք», կամ էլ՝  «Ձեր ջուրը կանոնավոր մատակարարվում է»։ Բա հիմա ոնց չասես՝ այ ջրի վամպիրներ, էդ որ մատակարարում եք, բա մենք ո՞նց ա՝ մի  կաթիլ ջուր չենք ստանում։ Էլ չենք ասում, որ վճարումները կանոնավոր կատարում ենք, իսկ դուք էլ պարտավորվել եք մեզ կանոնավոր ջուր տաք։

Էս 3 ամիս է, ամեն օր սթրես ենք տանում ձեր պատճառով։ Դուք ավելորդ եք։ Ժամանակին «Սանիթեքն» էլ էր ձեր նման աշխատում։ «Սանիթեքը» փակեցին, մայրաքաղաքում աղբահանության խնդիրը լուծվեց։ Երևի ժամանակն է, որ ձեզ էլ Հայաստանից հօդս ցնդցնեն։ Ու կգա ձեզանից ավելի սրտացավ կազմակերպություն և սպառողներիս նկատմամբ կցուցաբերի բարեխիղճ մոտեցում։ Թե չէ դուք դառել եք էն հայտնի հեքիաթի 3 գլխանի վիշապը, սպասում եք, որ աղջիկ բերենք, ու նոր ջուր տաք։ Բավական է արդեն։ Մեր համբերության բաժակը լցվել է։ Ինչքան պիտի ձեր պատճառով մեր տներում տիրի անտանելի վիճակ։

Ամեն մի մուտքում կա 100 տուն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, էդ տների ժողովուրդը 3 ամիս է ջրի խնդիր ունի։ Ու ամեն անգամ ձեր օպերատորները պատասխանում են՝ «հարցը կլուծվի»։ Եղել են նաև դեպքեր, որ ալարել են պատասխանել։ Երևի համարները ֆիքսել են, տեսնում են, որ մենք ենք զանգահարում, չեն էլ պատասխանում։ 

Երևանի քաղաքապետարանից էլ ոչ մի աջակցություն չենք ստացել։ Թաղապետարանի մասին էլ խոսք չկա։ Մեզ ասում են՝ մենք անզոր ենք։ Եթե անզոր եք, չեք կանգնում ձեր բնակչի կողքին, ապա հայտնի ու սիրված «Ոսկե ցլիկ» ֆիլմի օրինակով՝ մի դիմում գրեք ու հեռացեք։ Այդ դեպքում կգա սրտացավ մեկը և սատար կկանգնի բնակիչներիս կողմից բարձրացված արդարացի պահանջին։ Իսկ մենք շատ բան չենք պահանջում։ Վճարում ենք պարտաճանաչ, «Վեոլիա Ջուրն» էլ թող բարի լինի պարտաճանաչ ձևով կատարի պայմանագրով նշված պարտավորությունները, ոչ թե ջայլամի քաղաքականություն վարի ու փորձի մեր ականջներին լապշա կախի»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 71+
71+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր