211652_close_icon
views-count48567 դիտում article-date 08:13 14-10-2016

Գագիկ Խաչատրյանին կարող են ստիպել գնել իր իսկ կառուցած «ուսումնական կենտրոնը».«Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» օրաթերթի ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարությունը որոշել է վաճառել պետեկամուտների կոմիտեի հաշվեկշռում գտնվող Դիլիջանի այսպես կոչված ուսումնական կենտրոնը: «Խոսքը այն տխրահռչակ ու գերճոխ կառույցի մասին է, որը մեր պետբյուջեի միջոցներով կառուցվեց Պարզ լիճ տանող ճանապարհի մի գեղատեսիլ հատվածում: «Ուսումնական կենտրոն» անվան տակ կառուցված այդ խրախճանքների օբյեկտի շինարարությունը սկսվեց 6 տարի առաջ, եւ դրա մտահղացման հեղինակը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն էր: Բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ այդ օբյեկտի շինարարության, ներքին հարդարման, կոմունիկացիաների, սպասքի եւ այլնի համար ՊԵԿ-ը աստղաբաշխական գումարներ է ծախսում եւ ձեռք է բերում հնարավորինս ամենաճոխ նյութերն ու սարքավորումները: Ձեռք էին բերվում գերթանկարժեք բրենդային մոխրամաններ, օճառամաններ, սպասք, սիգարներ կտրելու սարքեր, սանտեխնիկա, վարագույրներ, կահույք եւ այլն: Թե վերջնական հաշվարկներով որքան գումար ծախսեց բյուջեն այդ օբյեկտի վրա, այդպես էլ անհայտ մնաց: Բայց հատկապես այս տարվա ապրիլյան պատերազմից հետո, երբ հասարակական բողոքի ալիք բարձրացավ բյուջետային միջոցների անարդյունավետ օգտագործման եւ բանակի թերզինվածության առթիվ, արդեն գրեթե պատրաստ օբյեկտի շինարարության ֆինանսավորումը ըստ էության դադարեցվեց: Ըստ որոշ հաշվարկների, օբյեկտի շինարարությունը ավարտելու համար կպահանջվի մոտ 2 միլիոն դոլար: Մեր տեղեկություններով, կառավարությունը մտադիր է այն վաճառել 42 միլիոն դոլարով: Ըստ լուրերի՝ այդ օբյեկտը գնելու առաջարկ է արվել գործարար Ռուբեն Վարդանյանին, սակայն նա հրաժարվել է: Կառավարության կուլիսներում կես կատակ- կես լուրջ ասում են, որ եթե գնորդ չգտնվի, «ուսումնական կենտրոնը» պետք է «կամավոր-պարտադիր» պայմանով վաճառվի դրա կառուցման գաղափարի հեղինակին` Գագիկ Խաչատրյանին»,- մասնավորապես, գրում է թերթը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր