167187 դիտում
11:55 11-10-2016
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Նուբարաշենի նախկին թաղապետն ընկերների հետ որսի ժամանակ Nissan-ով 100 մետր գլորվել է ձորը. նա տեղում մահացել է, կա 3 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքի Դիատամիտ հանքի հարևանությամբ գտնվող ձորը ավտոմեքենա է ընկել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Արարատի մարզային փրկարարական վարչության հերթապահ խումբը՝ մարզի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մուրադ Մարգարյանի գլխավորությամբ, լրացուցիչ ժամանել են նաև Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի պետ Արմեն Միքայելյանի գլխավորությամբ։
Փրկարարներին են միացել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Այնուհետև փրկարարներին ու ՃՈ աշխատակիցներին են միացել Քաղցրաշեն վարչական շրջանի ղեկավար Վալերի Գյուլամիրյանը և Նարեկ վարչական շրջանի ղեկավար Գարուշ Հակոբյանը։
Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև մեծ թվով գյուղացիներ և Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող քաղաքացիներ։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քանի որ ահազանգողը չի կարողացել հստակ մատնանշել վթարի վայրը, գրեթե մի քանի ժամ շարունակվել են որոնողական աշխատանքները և միայն առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում նշված հանքի հարևանությամբ գտնվող ձորում ճանապարհից մոտ 100 մետր խորության մեջ հայտնաբերվել է Nissan Patrul մակնիշի 10 PO 010 համարանիշի ավտոմեքենան։
Փրկարարներն ու քաղաքացիները ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցի 9-րդ տան բնակիչ, 37-ամյա Մհեր Հովհաննիսյանի դին։ Քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով հիվանդանոց են տեղափոխել վիրավորներից Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ, 32-ամյա Ռաֆայել Կարմաջյանին և 36-ամյա Կարեն Ներսիսյանին։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Նորայր Այվազյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և 4-րդ վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի վայրում հայտնաբերվել են որսորդական հրացաններ, ատրճանակ, 3 խփված նապաստակ և հավանաբար նրանք որսի են եղել։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
51074 դիտում
19:40 12-10-2016
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Mercedes-ը 100 մ գլորվել է ձորը. գյուղապետը տեղում մահացել է. կա վիրավոր