54778 դիտում
21:46 18-10-2015
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 64-ամյա կինը իր տան դիմաց Mercedes 600-ի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել և տեղում մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 TN 864 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Ալիկ Սաֆարյանը Ծաղկալանջ գյուղում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել նշված գյուղի բնակչուհի 64-ամյա Գյոզալ Օզմանյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ ավտոմեքենան գլխիվայր շրջվելով հայտնվել է առվում:
Դեպքի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի հետ, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի մեկնել են Արմավիրի մարզի Արագած գյուղ քանի որ օպերատիվ տվյալ են ստացել, որ Mercedes-ի վարորդը նշված գյուղի բնակիչ է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները, բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով տեղում հատկապես կարևոր գործերով քննիչ Բաբկեն Հարությունյանի կողմից հարուցվեց քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Օպերատիվ են գործել նաև Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկները և նշված կենտրոնի դի տեղափոխող բրիգադը:
Այս պահին քննչական բաժնի պետի, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանը, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, Ծաղկալանջի գյուղապետի հետ, գյուղացիների օգնությամբ տրակտորով մեծ դժվարությամբ ավտոմեքենան դուրս են բերում նշված հատվածից, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մահացածի տան դիմաց, ով զբաղվելիս է եղել գյուղատնտեսական աշխատանքով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ամբողջական տվյալները:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+