24850 դիտում
09:14 17-04-2015
Ավտովթար Երևանում. բախվել են «01»-ն ու Mercedes-ը. վիրավորների մեջ է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտաշեսյան փողոցի թիվ 41 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Լևոն Փիլիպոսյանի վարած Mercedes մակնիշի 90 AM 006 համարանիշի և 24-ամյա Հարություն Կոստանյանի վարած Վազ 21011 մակնիշի 64 LL 922 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21011-ի վարորդը և նրա ուղևորներ Երևանի բնակիչներ, 34-ամյա Արսեն Կոստանյանը և 22-ամյա Գևորգ Տոնոյանը քաղաքացների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և մարմնական վնասվածքներով օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Վազ 21011-ի վարորդը եղել է վիրավորներից Արսեն Կոստանյանը, ով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանության դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ, իսկ Ա. Կոստանյանը և վարորդ ներկայացած Հարություն Կոստանյանը եղբայրներ են:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+