211652_close_icon
views-count65828 դիտում article-date 11:30 13-02-2026

Պարզվել է Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 13-ամյա տղայի և նրան ծեծի ենթարկած համադասարանցիների ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Ջրաշենի միջնակարգ դպրոցում աշակերտին դաժան ծեծի ենթարկելու փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնի ծառայողները պարզել են, որ «Սպիտակ» բժշկական կենտրոն, ապա ռեանիմոբիլով Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան Ջրաշեն բնակավայրի բնակիչ, նշված դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ 13-ամյա Ա․ Պ.-ն է։

Սպիտակի ոստիկանները, ապա Սպիտակի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում Ջրաշենի միջնակարգ դպրոցի դասարաններից մեկում Ա․ Պ.-ին ծեծի են ենթարկել նրա համադասարանցիներ՝ Ջրաշեն գյուղի բնակիչներ 13-ամյա Է․ Ա.-ն, վերջինը միջանձնային հարցերի շուրջ է վիճաբանել Ա․ Պ.-ի հետ, և ծեծկռտուքին մասնակցել են նաև համադասարանցիներ՝ Ջրաշենի բնակիչներ 13-ամյա Ս․ Մ.-ն և Հ․ Ս.-ն։

Նշված անձանց Սպիտակի ոստիկանները հայտնաբերել են և ծնողների ուղեկցությամբ ներկայացվել են Սպիտակի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաների միջև միջանձնային պատմությունը հայտնի է եղել դպրոցի տնօրինությանը, անգամ այդ օրը Սպիտակի համայնքապետարանի աշխատակիցները ժամանել են դպրոց՝ ինչ-որ միջոցառում անցկացնելու համար, ու նրանք մտնելով դպրոցի վարչական տարածք, նկատել են, թե ինչպես է շտապօգնությունը երեխային տեղափոխում հիվանդանոց։ Տնօրենից հետաքրքրվել են, թե երեխան ինչի համար է տեղափոխվում հիվանդանոց, տնօրինությունը պատասխանել է, թե ձնագնդի խաղալիս վնասվածք է ստացել։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրողը, այս պահին դպրոցում դասապրոցեսը շարունակվում է և հարևան գյուղում քանի որ դպրոցը վերանորոգվում է, հարևան գյուղի երեխաները իրենց դասերը անցկացնում են Ջրաշենի միջնակարգ դպրոցում, մինչև իրենց գյուղում դպրոցը կվերաբացվի։

Դպրոցի բակում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպիտակի քաղաքապետարանի աշխատակիցների հայտնած տեղեկությունը, որ դպրոցի տնօրենը կամ տնօրինությունը հայտնել են, թե երեխան վնասվածքները ստացել է ընկերների հետ ձնագնդի խաղալիս, իրականության հետ աղերս չունի։ Էդ երևի քաղաքապետարանի աշխատակիցների երևակայությունն է։ Ու այս պահին էլ այդ ամենը մենք համարում ենք զառանցանք այն աշխատակիցների կողմից, ովքեր նման բան են հայտնել։ Հետո էլ արդարացել են, թե դպրոցում իմացել են երեխաների նեղ անձնական վիճաբանության մասին, սակայն ոչ միայն ոչինչ չեն կատարել, այլ նաև քաղաքապետարանին ու տարածքի ոստիկանությանը՝ Սպիտակի բաժնին, չեն հայտնել։ Մինչդեռ այդ երեխաները ամեն օր միասին եկել են դասի ու միասին էլ դպրոցից վերադարձել են տուն։ Թե այդ օրը ինչն է եղել կոնֆլիկտի պատճառը, դա արդեն կարծում ենք կբացահայտվի քննության ընթացքում»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 11-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա տղա։

Հիվանդանոց էին մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ երեխան իրենց մոտ էր տեղափոխվել ծեծված և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում ու ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ երեխային էլ ռեանիմոբիլով տեղափոխում էին Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան դաժան ծեծի էր ենթարկվել Լոռու մարզի դպրոցներից մեկում և հենց դպրոցից էլ նրան այդ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր էին կազմվել։ 

Դեպքի մասին էլ արդեն ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր