16463 դիտում
12:02 04-03-2015
Սպարապետի 56-ամյակին ընդառաջ Մանվել Գրիգորյանը՝ Վազգեն Սարգսյան մեծության մասին և ավելին
Վազգենի մասին խոսելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետեւ բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն ընդառաջ ասաց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նրա հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Հարգարժան գեներալ, նախ կխնդրեմ բնորոշել Վազգեն Սարգսյանին՝ ո՞վ էր Վազգեն Սարգսյանը, ո՞րն է նրա մեծագույն գործը։[/b]
-Չեք պատկերացնում, թե ինչ բարդ հարց եք տալիս։ Վազգենի մասին խոսելը ե՛ւ հեշտ է, ե՛ւ չափազանց դժվար։ Դժվար է, որովհետեւ բառերն անզոր են նրա ողջ մեծությունը նկարագրելու համար։ Վազգեն Սարգսյանը հայոց ամբողջ պատմության ընթացքում ամենախոշոր, ամենանշանակալի դեմքերից է։ Սպարապետն այն մարդն է, որ հարյուրամյակների պարտություններից եւ կորուստներից հետո հայ ազգին հաղթանակներ բերեց։ Ժողովրդի պահանջով Սպարապետը կարողացավ միավորել երկրապահ ջոկատները, կարողացավ Արցախյան ինքնապաշտպանական պատերազմն այնպես հմտորեն կազմակերպել, որ ոչ միայն հաղթեցինք, ոչ միայն հրադադար պարտադրեցինք մեզ պատերազմ պարտադրած թուրքին, այլեւ հայրենի տարածքներ ազատագրեցինք երեւի Տիգրան Մեծից հետո առաջին անգամ։ Սպարապետը ստեղծել է Երկրապահ կամավորականների միությունն ու հայոց բանակը։ Ուշադրություն դարձրեք՝ մեր պետության մեջ սրանք ամենակայացած կառույցներն են։ Սպարապետը հզոր ազգային, պետական, քաղաքական գործիչ էր։ Նա հրաշալի մարդ էր, հրաշալի ընկեր եւ բարեկամ, հայ ավանդապաշտ ընտանիքի հրաշալի զավակ։ Սպարապետը մեծ հայ է, բոլոր ժամանակների մեծերից մեկը։
[b]-Պարո՛ն Գրիգորյան, Երկրապահն այս անգամ ինչպե՞ս է նշելու Սպարապետի ծննդյան օրը։
[/b]
-Ունենք ձեւավորած ավանդույթ, որ չենք խախտելու։ Վաղ առավոտյան ծաղկեպսակներ կտեղադրենք եւ կխոնարհվենք ԵԿՄ վարչության շենքում գտնվող Սպարապետի կիսանդրիին։ Այնուհետեւ երկրապահական երեք սերունդներով կմեկնենք Արարատ՝ Սպարապետի հայրենի օջախում նշելու իր ծննդյան օրը։ Մարտի 5-ին Գրետա մայրիկին շնորհավորելը մեր սրբազան պարտականությունն է։ Գրետա մայրիկը բոլոր երկրապահների մեծ մայրն է, սրբություն է հայ ազգի համար, քանի որ նա է լույս աշխարհ բերել հայոց նորագույն հաղթանակները երաշխավորած Սպարապետին։ Արարատից կվերադառնանք Երեւան, կայցելենք Եռաբլուր՝ շնորհավորելու Սպարապետին եւ մնացյալ մեր քաջերին։ Արդեն յոթերորդ անգամ հենց Սպարապետի ծննդյան օրն ենք անցկացնելու պատանի երկրապահների երդման արարողությունը։ Սակայն այս տարի հաշվի առնելով, որ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցն ենք նշում, որոշակի շտկում ենք մտցրել. պատանիների երդման արարողությունը տեղի կունենա Ծիծեռնակաբերդում՝ ցեղասպանության միլիոն ու կես անմեղ զոհերի հուշարձանի հարեւանությամբ։ Սա իր խորհուրդն ունի։ Մեր պատանիները, երդվելով դառնալ պետության օրինակելի քաղաքացի, երդվում են լինել նաեւ պահանջատեր, ինչպես Վազգեն Սարգսյանն էր, երդվում են ամեն ինչ անել, որպեսզի մոտեցնեն ամբողջական հայրենիքին վերատիրանալու օրը։ 10 000-ից ավելի պատանի երկրապահ՝ հայրենասեր տղաներ եւ աղջիկներ ամբողջ Հանրապետությունից, երդվելու են Ծիծեռնակաբերդում։ Զուգահեռաբար երդման արարողություններ են կազմակերպվելու բոլոր տարածքներում։ Պատանի սերնդի հայեցի դաստիարակման մեր ծրագրերն արժանանում են ՀՀ նախագահ, մեր մարտական ընկեր, երկրապահ Սերժ Սարգսյանի լիարժեք աջակցությանն, ու նրա մեծ ներդրումը կա, որ այսօր մեր այս պատանիները պետական ճանաչում ունեն։ Պատանիների ուսուցման դասընթացներին աջակցում, մասնակցում են այն կառույցների լավագույն մասնագետները, որոնց հետ Երկրապահը գործակցության հուշագրեր է ստորագրել՝ պաշտպանության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմիների։ Մեր պատանիների հետ նվիրվածությամբ աշխատում են հայ առաքելական սուրբ եկեղեցու սպասավորները։
Ի դեպ, այս տարին բացառիկ է նաեւ այն առումով, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մարտի 5-ը հռչակվել է Պատանի երկրապահների օրհնության օր։ Էջմիածնի Մայր տաճարում եւ բոլոր առաջնորդանիստ եկեղեցիներում անցկացվելու է պատանի երկրապահների օրհնության կարգ։ Այնպես որ՝ Սպարապետի ծննդյան օրը ԵԿՄ տոնացույցի կարեւորագույն օրերից է, եւ մեր Սպարապետի 56-ամյակն էլ մեծ շուքով նշելու ենք։ Հիմնական միջոցառումներից զատ՝ մեր պատվիրակությունները լինելու են բոլոր այն վայրերում, ուր կան Սպարապետի հուշարձաններ։
[b]-Իսկ ի՞նչ սկզբունքով են պատանիներն ու աղջիկներն ընդգրկվում ԵԿՄ պատանեկան կառույցի շարքերը, ո՞վ է դիմում։
[/b]
-Բնականաբար, դիմում ներկայացնում են երեխաների ծնողները։ Մենք հպարտանում ենք ոչ միայն մեր պատանի երկրապահներով, այլեւ նրանց հայրենասեր, երկրապահ ծնողներով, ովքեր իրենց երեխաների հայրենասիրական դաստիարակությունը վստահում են Երկրապահ կամավորականների միությանն ու հայոց պետականությանը։ Ես շնորհակալություն եմ հայտնում ե՛ւ պատանիների ծնողներին, ե՛ւ երկրապահական բոլոր սերունդներին։ Ավագ սերնդի երկրապահներն անշահախնդրորեն իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում պատանիներին, երիտասարդներին։ Երիտասարդ երկրապահներն էլ իրենց հերթին Երկրապահում սերունդների համերաշխությունը երաշխավորող կարեւոր օղակ են, նրանք ավագ եղբոր հոգատարությամբ են վերաբերվում պատանի երկրապահներին։ Երկրապահում ստեղծված են բոլոր պայմանները՝ մաքուր, առողջ, ամուր սերունդ դաստիարակելու համար։
[b]-Ի դեպ, Երկրապահն օրեր առաջ Անդրանիկ Զորավարի 150-ամյակի միջոցառումներին եւս ակտիվորեն մասնակցում էր։ Դա՞ ինչով էր պայմանավորված։
[/b]
-Անդրանիկ Զորավարն էլ հայ ազգի մեծագույն զավակներից է՝ ողջ կյանքն անցկացրել է թուրքերի դեմ կռիվ տալով, հայ ազգի ինքնապաշտպանությամբ։ Բացի պետական, ռազմական խոշոր գործիչ լինելուց, եղել է նաեւ երկրապահ։ Գիտեք, չէ՞, որ առաջին երկրապահ կամավորական գնդի հրամանատարն էր։ Այո՛, եռասերունդ երկրապահական ընտանիքն ամբողջ հանրապետության տարածքում մեծ շուքով նշեց Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը։ Ի դեպ, եթե հիշում եք՝ հիմնական նախաձեռնողներից մեկն էլ ես էի, որ 2000 թվականին Զորավարի աճյունը բերեցինք հայրենիք։ Դա ինձ համար հարգանքի տուրքի մատուցում էր միանգամից երկու մեծության առջեւ՝ Անդրանիկ Օզանյանի եւ Սպարապետ Վազգենի։ 1998-ին Փարիզում, Պեր Լաշեզ գերեզմանատանը, Սպարապետն ասաց՝ Մանվե՛լ, Անդրանիկ Զորավարի աճյունը հայրենիք պիտի վերադարձնենք։ Պիտի ձեւը գտնենք եւ Զորավարին տուն տանենք։ Ես չէի կարող Սպարապետի իղձը մոռանալ։
[b]-Եթե կարելի է, ներքաղաքական դաշտի վերջին զարգացումներից եւս խոսենք։ Հնչում են, օրինակ, որոշ գնահատականներ, թե Երկրապահը դրանց միջամտելու իրավունք չուներ։
[/b]
-Էդ որոշ գնահատականներ տվողները վտանգավոր մարդիկ են։ Փա՛ռք Աստծո, որ դրանց թիվը մեծ չէ։ Երկրապահը մեր պետության, պետականության ստեղծման ակունքներում է։ Հայաստան պետությունը ստեղծվել է երկրապահի արյամբ, Արցախն ազատագրվել եւ պաշտպանվել է երկրապահի արյամբ։ Ինչպե՞ս կարող է Երկրապահն անտարբեր լինել երկրի, ազգի, պետության, հայրենիքի ճակատագրի նկատմամբ։ Ինչպե՞ս կարող ենք լռել, երբ հակապետական քայլեր են արվում։ Երկրապահի պարտքն ու պարտականությունն է ՀՀ պետությանը, պետության ղեկավարին սատարելը, հատկապես, երբ պետության ղեկին կանգնած է Սերժ Սարգսյանի նման ազգանպաստ կենսագրություն ունեցող մեկը, մենք առավել եւս նրա կողքին չկանգնելու, նրան չաջակցելու իրավունք չունենք։ Երկրապահը դեմ է ցնցումներին։ Եթե կա քաղաքական պայքար, կա այլակարծություն, դա բնական է, բայց ամեն ինչ պետք է լինի Սահմանադրության շրջանակներում, հակառակ դեպքում ջուր կլցնենք մեր թշնամիների ջրաղացին։ Խնդրում եմ՝ ոչ մի ակնթարթ մի՛ մոռացեք, որ այսօր սահմանին լարված վիճակ է, որ ամեն օր մեր երեխաները հարկադրված են լինում դիրքերը պաշտպանելու համար ծանր մարտի մեջ մտնել ադրբեջանցի դիվերսանտների հետ։ Մենք այսօր էլ զոհեր ենք ունենում, վիրավորներ ենք ունենում։ Սրա մասին է, որ պետք է առաջին հերթին մտածենք։
[b]-Ի դեպ, դիրքերում լինելու պրակտիկան շարունակակա՞ն է լինելու։
[/b]
-Բա, իհարկե։ Երկրապահը միշտ էլ սահմանաբնակ ժողովրդի կողքին է, սահմանապահ զինվորի կողքին։ Այցելել եւ այցելելու ենք Հայաստանի եւ Արցախի բոլոր սահմանամերձ բնակավայրեր, քաջալերելու ենք հայ զինվորին, գոտեպնդելու ենք սահմանապահ ժողովրդին։ Հենց դա է երկրապահությունը։ Ես հիշեցնեմ, որ մարտի 5-ով փաստացի նաեւ մեկնարկում է երկրապահական ամենամյա ուխտագնացությունը, որ անցնում է ողջ հանրապետությունով, իսկ օգոստոսի 2-րդ կեսն անցկացնում ենք Արցախում՝ լինելով ԼՂՀ-ի՝ անխտիր բոլոր բնակավայրերում, բոլոր շեներում։ Եվ բոլոր մեր ձեռնարկներին ակտիվորեն մասնակցում են ինչպես Արցախյան ազատամարտի մասնակիցներն, այնպես էլ մտավորականներ, տարբեր ոլորտների մասնագետներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ։
[b]-Շնորհակալություն, պարոն գեներալ, հարցազրույցի համար: Օրվա խորհրդին վերադառնալով եւ տեսնելով Ձեր վերաբերմունքը Սպարապետի եւ նրա հիշատակի հանդեպ՝ շնորհավորում եմ Ձեզ՝ Սպարապետի 56-ամյակի կապակցությամբ։
[/b]
-Շնորհակալություն, եւ թույլ տվեք ես էլ խոսքս շնորհավորանքներով ավարտեմ։ Այս տոնական օրվա կապակցությամբ շնորհավորում եմ եռասերունդ Երկրապահին, շնորհավորում եմ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգին, շնորհավորում եմ Սպարապետին եւ կյանքն ազգի զոհասեղանին դրած մնացյալ քաջերին, շնորհավորում եմ Սպարապետի ծնողներին, մեր Մեծ մայրիկ տիկին Գրետային, շնորհավորում եմ Հայոց բանակին՝ շարքայինից մինչեւ նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։
Ծնունդդ շնորհավո՛ր, Սպարապե՛տ։ Տոնդ շնորհավո՛ր, հա՛յ ժողովուրդ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
667 դիտում
18:38 21-11-2024
Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ
490 դիտում
18:25 21-11-2024
Վարչապետն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի պատվիրակությանը
514 դիտում
18:13 21-11-2024
Ազգային ժողովում հյուրընկալվել է Բունդեսթագի Եվրամիության հարցերի հանձնաժողովի նախագահը