211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան գազալցակայանում լիցքավորելիս պայթել է. 1 ամիս առաջ նույն գազալցակայանում դարձյալ պայթյուն էր տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count65574 դիտում article-date 14:27 13-06-2025
Այսօր՝ հունիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող գազալցակայանում ավտոմեքենան լիցքավորելիս պայթել է: 
 
Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են պարեկները: 
 
Դեպքի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Աբրահամյանի և Նվեր Մկոյանի գլխավորությամբ: 

Տեղում է նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետը: 
 
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է ավտոմեքենայի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը:

Ֆոտոլագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանում կայանված «Hyundai Elantra», «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհեր և վիրավոր չեն եղել, քանի որ երբ ավտոմեքենան մտել է լիցքավորման, լիցքավորողը թե՛ վարորդին, թե՛ ուղևորներին ըստ կարգի հրահանգել է, որպեսզի հեռանան ավտոմեքենայի մոտից, ինչը նրանք արել են, հակառակ դեպքում ինչպես Հանրապետությունում գործող մի քանի գազալցակայաններում է լինում, լիցքավորելիս վարորդը փորձում է մնալ ավտոմեքենայի մոտ: Այս դեպքում լիցքավորողը պահպանել է անվտանգության կաննոները, իսկ պայթյունի պատճառը պարզելու համար քննիչի որոշմամբ արդեն նշանակվել է փորձաքննություն: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 1 ամիս առաջ նշված գազալցակայանում դարձյալ պայթյուն էր տեղի ունեցել: 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր  ֆոտոլրագրողը, ապրիլի 29-ին պայթյուն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
 
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Հրաչ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ: 

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Պարզվել էր, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել էին կայանված 3 տրանսպորտային միջոց և հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել:
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չեն եղել:
 
Ահազանգով ժամանել էր նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ տարածքը սպասարկող համայնքային ոստիկանի գլխավորությամբ: 

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր