211652_close_icon
views-count60900 դիտում article-date 18:53 21-09-2014

Կոտայքի մարզում ոստիկանները հայտնաբերել են «Օժիտ» խանութների ցանցի սեփականատիրոջ այրված դին. սպանության կասկածանքով կալանավորվել է նրա թոռը. հայտնաբերվել է գողացված 175 հազար դոլարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցները Հայաստանի Քննչական կոմիտեի Կենտրոնական քննչական բաժնի քննիչների հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Գառնի-Բանավան տանող ավտոճանապարհի վրա գտնվող կամրջին հարակից տարածքում հայտնաբերել են կնոջ այրված դիակի մնացորդներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ, պարզել են մահացածի ինքնությունը. վերջինս Երևան քաղաքի Կողբացի 44 շենքի 55 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Սիլվա Գալստյանն է, ում այս տարվա սեպտեմբերի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժինը որոնում էր որպես անհայտ կորած: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գալստյանը Երևանում հայտնի «Օժիտ» խանութների ցանցի և ևս մի քանի հանրաճանաչ առևտրային ընկերությունների տնօրենն էր: Նրան սպանելու, այնուհետ դին այրելու կասկածանքով ձերբակալվել է Ս. Գալստյանի թոռը՝ Երևան քաղաքի Րաֆֆի փողոցի 32/21 հասցեի բնակիչ, 23-ամյա Ալբերտ Մոմջյանը, ով, ըստ նախաքննական մարմնի ստացած օպերատիվ տվյալների, տևական ժամանակ բնակվել է Ձորաղբյուր գյուղի տատին պատկանող ամառանոցում: Թոռը հակումներ է ունեցել բուքմեյքերական գրասենյակներ այցելելու, որտեղ խոշոր չափի գումար է տանուլ տվել, և նրա հայրը նույնպես իմացել է այդ մասին: Սեպտեմբերի 15-ին սպանվածն ու սպանության կասկածանքով ձերբակալվածը եղել են առանձնատանը, իսկ հետո այցելել են Երևան՝ գործարար Ս. Գալստյանի ավտոմեքենայով: Հաջորդ օրը Ս. Գալստյանի հարազատներն այցելել են բնակարան, որտեղ նրան չեն հայտնաբերել և սկսել են անհանգստանալ ու որոնել նրան, սակայն արդյունքները չեն գոհացրել, և նրանք ստիպված դիմել են ոստիկանություն: Ի դեպ, ըստ տեղեկությունների, տնից բացակայել է Ս. Գալստյանի ոսկեղենը, որը եղել է մոտ 30,000 ԱՄՆ դոլար արժողության, իսկ ննջասենյակում քրեագետը հայտնաբերել է արյան հետքեր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները հայտնաբերել են թոռան կողմից տատից հափշտակած 175 հազար ԱՄՆ դոլարը, որը նա թաքցրել էր իր ծանոթի բնակարանում՝ սառնարանի հետևում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դին նաև հոշոտված է եղել կենդանիների կողմից: Սեպտեմբերի 21-ին Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարել է քննիչի միջնորդությունը, և Ա. Մոմջյանը կալանավորվել է և տեղափոխվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր