211652_close_icon
views-count388 դիտում article-date 23:09 16-11-2026

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի բանաձևում աջակցություն է հայտնվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նոյեմբերի 15-16-ը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացված Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի ավարտին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների և կառավարությունների կողմից ընդունվել են «Ֆրանկոֆոն տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևը և Պնոմպենի հռչակագիրը։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից:

Բանաձևում Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներն աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացին։ Ողջունվել են 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։

Բանաձևում կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության շարունակումը, մասնավորապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և ԹՐԻՓՓ նախագծի շրջանակներում։ Ողջունվել են նաև Հայաստան-Թուրքիա սահմանի վերաբացմանն ուղղված ջանքերը։

Բանաձևով վերահաստատվել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացին՝ երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն 1991 թ. ԱլմաԱթայի հռչակագրի։

Բանաձևում ընդգծվել է առկա հումանիտար հարցերի կարգավորման, այդ թվում՝ պահվող անձանց ազատ արձակման, անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման կարևորությունը՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման կարևոր գործոն։

Ողջունվել են Հայաստանի կառավարության՝ միջազգային գործընկերների աջակցությամբ Ղարաբաղից տեղահանված հայ փախստականներին Հայաստանի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում ինտեգրելու ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Ընդգծվել է այդ ջանքերի շարունակման կարևորությունը։

Բանաձևում ողջունվել է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի և պետական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, ինչպես նաև օտարերկրյա միջամտությունների, խառնածին սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Այս համատեքստում ընդգծվել է 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը, որոնք ցույց են տվել առկա մարտահրավերների պայմաններում ազատ, թափանցիկ և վստահելի ընտրական գործընթաց ապահովելու պետական ինստիտուտների դիմակայունությունն ու կարողությունները։

Գագաթնաժողովի շրջանակներում ընդունված Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունները ողջունել են 2026 թ. հոկտեմբերին Երևանում անցկացված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունքները։

Պնոմպենի հռչակագրով Ֆրանկոֆոնիայի դերակատարներին հանձնարարվում է զարգացնել խաղաղության կրթությանն ուղղված ծրագրերը, որոնք նպաստում են հակամարտությունների կանխարգելմանն ու կարգավորմանը, ինչպես նաև բռնության նվազեցմանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված բանաձևին համահունչ։ «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը ՄԱԿ ԳԱ-ի կողմից միաձայն ընդունվել է 2026 թ. հունիսի 4-ին՝ Հայաստանի նախաձեռնությամբ։

Նմանատիպ նյութեր