211652_close_icon
views-count1864 դիտում article-date 16:14 20-10-2026

ՖՈԿՈՒՍ․Հայաստանի հանրային ծառայությունների կարգավորման ոլորտի հեռանկարները. Մեսրոպ Մեսրոպյան

Ejc.am-ը գրում է․ Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է մի շարք կարևոր խնդիրների առաջ՝ արևային էներգիայի արտադրության արագ աճից և ցանցում առաջացող ավելցուկից մինչև նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ որոշումների կայացում ու էներգակիրների գների հնարավոր փոփոխություններ։ Միաժամանակ անհրաժեշտ է զարգացնել էներգիայի կուտակման հնարավորությունները, արդիականացնել ենթակառուցվածքները և ապահովել էներգետիկ համակարգի երկարաժամկետ կայունությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հետ հարցազրույցում քննարկվել են այս խնդիրների լուծման ուղղությունները, նախատեսվող կարգավորումները, մասնավոր ներդրումների դերը և առաջիկա տարիների հիմնական ռիսկերը։

Էներգիայի կուտակիչ կայաններ․ իրավական կարգավորումներն ընթացքի մեջ են

Էներգիայի կուտակման ոլորտի զարգացման համար անհրաժեշտ իրավական կարգավորումները դեռևս մշակման փուլում են։ Հանձնաժողովն աշխատում է ենթաօրենսդրական ակտերի նախագծերի վրա, որոնք անհրաժեշտ են էներգետիկայի մասին օրենքում կատարված փոփոխությունները գործնականում կիրառելու համար։ Մշակվող փաստաթղթերը վերաբերում են կուտակիչ կայանների լիցենզավորմանը, դրանց սակագների հաշվարկման մեթոդաբանությանը, մեծածախ էլեկտրաէներգիայի շուկայի կանոններին, հաղորդման և բաշխման ցանցերի կանոնակարգերին, ինչպես նաև համապատասխան պայմանագրերի ձևերին։

Հանձնաժողովը փաստաթղթերը մշակում է՝ համագործակցելով եվրոպական փորձագետների հետ։ Ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ նախագծերը նախատեսվում էր առաջիկայում շրջանառության մեջ դնել, իսկ դրանց ընդունումը պետք է հնարավորություն տար օրենքը լիարժեք կիրառել։

Մինչև 2031 թվականը նախատեսվում է ունենալ 800 ՄՎտ կուտակիչ հզորություն

Կառավարության 2026–2031 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2031 թվականը Հայաստանում ունենալ առնվազն 800 ՄՎտ հզորությամբ էներգիայի կուտակիչ կայաններ։ Հանձնաժողովի նախագահի  խոսքով՝ այդ հզորությունների ստեղծման համար անհրաժեշտ ներդրումների ընդհանուր ծավալի հաշվարկ դեռևս չի կատարվել, քանի որ նախատեսվում է, որ ներդրումները հիմնականում կիրականացնի մասնավոր հատվածը։ Նրա գնահատմամբ՝ ոլորտի նկատմամբ ընկերությունների հետաքրքրությունն արդեն իսկ մեծ է, և հանձնաժողովը բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ է ունեցել հնարավոր ներդրողների հետ։

Այնուամենայնիվ, պետությունը կարող է կիրառել խթանման մեխանիզմներ՝ ներդրումներն ավելի գրավիչ դարձնելու համար։ Մասնավորապես, քննարկման ենթակա տարբերակներից են բանկերի միջոցով սուբսիդավորվող կամ զրոյական տոկոսադրույքով վարկերի տրամադրումը։ Դրանք կարող են ուղղված լինել ինչպես սեփական արևային կայաններին կուտակիչներ միացնող ֆիզիկական անձանց, այնպես էլ կուտակիչ կայաններ կառուցող և համապատասխան լիցենզիա ստացող իրավաբանական անձանց։

Կուտակիչ կայանների երեք հիմնական ուղղությունները

Նախատեսվող կարգավորումների համաձայն՝ կուտակիչ կայանները կարող են գործել տարբեր մեխանիզմներով։ Գնման երաշխիքով կուտակիչ կայաններ։ Այս մոդելի դեպքում ընկերությունները սեփական միջոցներով կկառուցեն սահմանված հզորությամբ կայաններ և համակարգային ծառայություններ կմատուցեն Հայաստանի էներգետիկ համակարգին։ Անհրաժեշտ հզորությունների քվոտաները կսահմանի ոլորտի պատասխանատու նախարարությունը, իսկ մրցույթները կանցկացնի հանձնաժողովը։ Այս կայանները չեն մասնակցի էլեկտրաէներգիայի սովորական առուվաճառքին։ Դրանց աշխատանքը կկառավարի էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը՝ որոշելով, թե երբ և ինչ ծավալով էլեկտրաէներգիա պետք է կուտակվի կամ վերադարձվի համակարգ։

Մրցակցային պայմաններով աշխատող կուտակիչ կայաններ։ Այս կայաններն անմիջականորեն կմասնակցեն ազատականացված էլեկտրաէներգիայի շուկային։ Դրանք էլեկտրաէներգիա կգնեն այն ժամերին, երբ գներն ավելի ցածր են, իսկ կուտակված էներգիան կվաճառեն պահանջարկի և գների բարձրացման ժամանակ։ Այսպիսով, ներդրողների եկամուտը կախված կլինի շուկայական պայմաններից և կայանների արդյունավետ կառավարումից։

Սեփական կարիքների համար կառուցվող կուտակիչ կայաններ։ Խոշոր սպառողները, օրինակ՝ արդյունաբերական ձեռնարկությունները, կարող են կուտակիչներ տեղադրել իրենց սպառման կարիքները բավարարելու համար։ Նրանք հնարավորություն կունենան էլեկտրաէներգիա կուտակել և հետագայում օգտագործել սեփական արտադրական կամ այլ կարիքների համար։ Այս մոդելների ներդրումը պետք է նպաստի էներգետիկ համակարգի ճկունության բարձրացմանը և արևային կայանների արտադրության տատանումների կառավարմանը։

Արևային էներգիայի արտադրության աճը հանգեցրել է ավելցուկի

Հայաստանում արևային էներգետիկայի արագ զարգացումը նոր մարտահրավերներ է առաջացրել էներգետիկ համակարգի կառավարման համար։ Եթե սկզբնական շրջանում պետությունը խթանում էր արևային կայանների կառուցումը, ապա այժմ տեղակայված հզորությունների ծավալը հասել է այնպիսի մակարդակի, որ որոշ ժամերի համակարգը դժվարանում է ամբողջությամբ ընդունել արտադրված էլեկտրաէներգիան։

Հանձնաժողովի նախագահի տվյալներով՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 107 արդյունաբերական արևային կայան՝ շուրջ 483 ՄՎտ ընդհանուր հզորությամբ։ Միաժամանակ մոտ 60 հազար բաժանորդ իր տանիքներին տեղադրել էր շուրջ 770 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ինքնավար արևային համակարգեր։ Այսպիսով, գործող արևային հզորությունների ընդհանուր ծավալը կազմում էր շուրջ 1,253 ՄՎտ։ Բացի այդ, մոտ 190 ՄՎտ հզորությամբ արևային կայանների լիցենզիաներ արդեն տրամադրվել էին, սակայն այդ կայանները դեռևս շինարարության փուլում էին։

Մինչդեռ ոլորտի տասնամյա ռազմավարությամբ նախատեսված էր մինչև 2031 թվականը հասնել 1,000 ՄՎտ արևային հզորության։ Փաստացի, այդ ցուցանիշը գերազանցվել էր նախատեսված ժամկետից շուտ։ Հիմնական խնդիրը արևային կայանների արտադրության ժամային անհամաչափությունն է։ Արևոտ օրերին՝ հատկապես առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 17-ը, արտադրությունը կարող է զգալիորեն գերազանցել տվյալ պահին սպառման հնարավորությունները։ Քանի որ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը պետք է հավասարակշռված լինեն, ավելցուկը համակարգի համար կառավարման խնդիրներ է ստեղծում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր