211652_close_icon
views-count373 դիտում article-date 09:44 20-09-2026

Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, ճանապարհային նշաններին, կոտրել դրանք ու շպրտել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Մելինե Խ.-ի վարած «BMW» մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 76-ամյա Սոկրատ Ի.-ի վարած «Mitsubishi Chariot» մակնիշի, Երևանի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ղ.-ի վարած «Tesla» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Օհան Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին և ճանապարհային նշաններին, կոտրել դրանք ու շպրտել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Գրիգորյանը և Հայկ Աբազյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Արման Սարոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր