211652_close_icon
views-count1168 դիտում article-date 15:06 11-09-2026

Հայաստանում վերջին շրջանում նկատվում է թմրամիջոցների հայտնաբերման վիճակագրության աճ․ ՆԳ փոխնախարար

Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է թմրամիջոցների հայտնաբերման վիճակագրության աճ։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավասու մարմինների կողմից միջազգային վերահսկվող մատակարարման կազմակերպման և իրականացման կարգի մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ։

«Էական հանգամանք է հենց սահմանին ավելի մեծ քանակությամբ թմրամիջոցների հայտնաբերումը։ Եթե դիտարկենք վերջին տարիների վիճակագրությունը, ապա կտեսնենք, որ այն տարեցտարի աճում է։ Ընդհանուր առմամբ սա համաշխարհային միտում է, և մենք դա կարող ենք բացատրել նաև նրանով, որ իրավապահ մարմինների համագործակցությունն ավելի արդյունավետ է դարձել։ Այստեղ օբյեկտիվորեն առկա է նաև լատենտության գործոնը։ Մենք չենք կարող ասել՝ թմրամիջոցների հայտնաբերումը լավ աշխատանքի արդյունք է, թե պարզապես դրանց ապօրինի շրջանառությունն է ավելացել», - ասել է փոխնախարարը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դա կարելի է կապել նաև ռազմավարության փոփոխության հետ։

«Վերջին երկու տարիներին ոստիկանության շեշտադրումը կատարվել է հենց սահմանին թմրամիջոցների ավելի խոշոր խմբաքանակների հայտնաբերման և կանխման դեպքերի աջակցման վրա», - ընդգծել է Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր