211652_close_icon
views-count2638 դիտում article-date 13:53 25-01-2018

Վիճակագրության արտադրողներին պարտավորեցնում են բարելավել վիճակագրության որակը

Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պաշտոնական վիճակագրության մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ հիմնավորման, ի տարբերություն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքը կունենա ընդգրկման ընդլայնված շրջանակ՝ ընդգրկելով ոչ միայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, այլ ՀՀ պաշտոնական վիճակագրության ողջ համակարգը՝ ներառյալ պաշտոնական վիճակագրության այլ արտադրողներին: Այն հնարավորություն կտա էապես համահարթեցնել պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողների մեթոդաբանական կարողությունները, հստակորեն տարանջատել պաշտոնական վիճակագրությունն այլ վիճակագրություններից և բարձրացնել հասկացվածության (պերցեպցիայի) աստիճանը (չափաբաժինը) վիճակագրության օգտագործողների շրջանում՝ օգտագործելով նաև նրանցից կազմված խորհրդատվական մարմինների հնարավորությունները: Նախագծով, մասնավորապես, հստակեցվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները և համապատասխանեցվել միջազգային պահանջներին, սահմանադրական փոփոխությունների համատեքստում վերանայվել է ծառայության նախագահի և ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամների նշանակման կարգը: Մանրամասն կարգավորվել են պետական խորհրդի կողմից նիստերի հրավիրման և որոշումների կայացման ընթացակարգերը: Օրինագծով բարձրացվել են պաշտոնական վիճակագրության որակին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ պաշտոնական վիճակագրության արտադրողները պարտավոր են մշտապես գնահատել և բարելավել վիճակագրության որակը՝ արդիականության, ճշգրտության, հուսալիության, օպերատիվության, ճշտապահության, թափանցիկության, պարզության, ներդաշնակության և համադրելիության տեսանկյունից: Նախատեսվել են որակի ապահովման նաև այլ երաշխիքներ:

Նմանատիպ նյութեր