211652_close_icon
views-count418 դիտում article-date 12:02 05-09-2026

Google-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը

Արհեստական բանականության տեխնոլոգիաները շարունակում են արագորեն զարգանալ նաև օդերևութաբանության ոլորտում։ Google-ը ներկայացրել է իր նոր՝ WeatherNext 3 գլոբալ եղանակային մոդելը, որը համատեղում է արհեստական բանականության հնարավորությունները և իրական ժամանակում ստացվող արբանյակային դիտարկումները։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
 
«WeatherNext 3-ի կարևոր առանձնահատկություններից է կանխատեսումների ժամային թարմացումը։ Մոդելը մշակում է գեոստացիոնար օդերևութաբանական արբանյակներից ստացվող արդիական տվյալները և յուրաքանչյուր ժամ ձևավորում նոր կանխատեսում՝ հնարավորություն տալով առավել արագ արձագանքել մթնոլորտում տեղի ունեցող փոփոխություններին։
 
Մոդելը հնարավորություն է տալիս կանխատեսել՝
 
օդի ջերմաստիճանն ու խոնավությունը՝ մինչև 5 կմ տարածական լուծաչափով․
 
մակերևութային մի շարք այլ օդերևութաբանական պարամետրեր՝ շուրջ 10 կմ․
 
մթնոլորտային որոշ պարամետրեր, այդ թվում՝ քամու արագությունը՝ շուրջ 25 կմ լուծաչափով։
 
Բարձր տարածական լուծաչափն ու տվյալների հաճախակի թարմացումը հատկապես կարևոր են արագ զարգացող եղանակային երևույթների՝ ուժեղ տեղումների, ամպրոպների, փոթորիկների և մթնոլորտային ճակատների զարգացման ընթացքը գնահատելու համար։
 
Նոր մոդելը կարևոր կիրառություն ունի նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Այն կանխատեսում է քամու արագությունը 100 մ բարձրության վրա, ինչպես նաև տրամադրում է ամպամածության և արեգակնային ճառագայթման բարձր լուծաչափով տվյալներ։ Դրանք կարող են օգտագործվել հողմային և արևային էլեկտրակայանների արտադրողականության կանխատեսման համար։
 
WeatherNext 3-ն արդեն ինտեգրվում է Google-ի մի շարք ծառայություններում՝ եղանակային տեղեկատվությունն առավել օպերատիվ և տեղայնացված դարձնելու նպատակով։
 
Արհեստական բանականության վրա հիմնված նման մոդելները չեն փոխարինում օդերևութաբանական դիտարկումների համակարգին։ Ընդհակառակը՝ դրանց արդյունավետությունը մեծապես կախված է որակյալ և անընդհատ դիտարկումներից, իսկ ավանդական թվային մոդելների, արբանյակային ու ռադարային տվյալների և AI տեխնոլոգիաների համադրությունը ձևավորում է եղանակի կանխատեսման զարգացման նոր փուլ»,- գրել է Ազիզյանը:

Նմանատիպ նյութեր