211652_close_icon
views-count4102 դիտում article-date 17:00 16-08-2026

Անհանգիստ իրավիճակ՝ Վայոց ձորի մարզում․ արդեն 10 օր է Մալիշկա գյուղում բնակիչները ահաբեկման են ենթարկվում. գիշերները դիմակավորված անհայտ անձը անհանգստացնում է ողջ գյուղին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն ավելի քան 10 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ դիմակավորված անձը շատ արագ է տեղաշարժվում և, մինչ իրենք կամ իրավապահները կհասցնեն մոտենալ, կարողանում է հեռանալ ու թաքնվել։ Ու դեպքերը հիմնականում տեղի են ունենում գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից հետո, ինչի հետևանքով գյուղում մարդիկ վախով են գիշերում և ստիպված են լինում ուշ ժամերին հետևել իրենց տներին ու բակերին։

Բնակիչներն ասում են, որ խնդրի վերաբերյալ դիմել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժին, սակայն այս պահի դրությամբ անկոչ հյուրին հայտնաբերել դեռևս չի հաջողվել։

Ստեղծված իրավիճակը լրջորեն անհանգստացնում է Մալիշկա բնակավայրի բնակիչներին։ Նրանք մտավախություն ունեն, որ եթե անհայտ անձի գործողությունները շարունակվեն, հնարավոր է՝ հերթական անգամ գույքային վնաս պատճառելուց բացի, վտանգ ստեղծվի նաև մարդկանց կյանքի և առողջության համար։

Բնակիչները նաև հայտնել են, որ գյուղի մի խումբ երիտասարդներ վերջին օրերին իրենց ուժերով փորձում են հայտնաբերել անհայտ անձին և կանխել նրա գործողությունները։

Մալիշկա բնակավայրի բնակիչները ակնկալում են, որ իրավապահները կձեռնարկեն անհրաժեշտ և առավել արդյունավետ միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր