211652_close_icon
views-count337 դիտում article-date 20:50 20-07-2026

MBDA-ն կներկայացնի նոր հակահրթիռ՝ անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումներին դիմակայելու համար

Հրթիռային համակարգերի եվրոպական արտադրող MBDA-ն թողարկում է նոր որսացող հրթիռ, որը նախատեսված է մեծ թվով էժան պայթուցիկ սարքերի, օրինակ՝ անօդաչու սարքերի հարձակումները հետ մղելու համար: Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմները ի ցույց դրեցին հակաօդային պաշտպանության ավանդական համակարգերի սահմանափակումները զանգվածային արտադրության սպառնալիքների դեմ պայքարում, հայտնում է Reuters գործակալությունը:

Counter Mass Interceptor անվանումը կրող հակահրթիռը, որը պաշտոնապես կներկայացվի Անգլիայում անցկացվելիք Ֆարնբորոյի ավիասրահում, եվրոպական երկրների բանակներին և ՆԱՏՕ-ի ուժերին առաջարկում է պաշտպանության նոր միջոց՝ ցածրարժեք զենքերի ալիքներից պաշտպանվելու համար:

«Այսօր Եվրոպայում չկա սեփական ինքնիշխան համակարգ, որն ընդունակ է հաղթահարել զանգվածային հարձակումները,– Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է MBDA-ի ներկայացուցիչը: – Դա նշանակում է, որ նմանատիպ սպառնալիքները չեզոքացնելու համար մենք ստիպված ենք ապավինել ոչ եվրոպական համակարգերին՝ լինեն դրանք ամերիկյան, իսրայելական, թե այլ արտադրության»:

Այս նպատակների համար Ամերիկայի Միացյալ Նահանգներն օգտագործում են այնպիսի համակարգեր, ինչպիսին է բարձր ճշգրտության APKWS (Advanced Precision Kill Weapon System) հրթիռը, որն արտադրում է BAE Systems ընկերությունը՝ ամերիկյան Northrop Grumman և General Dynamics կորպորացիաների հետ համատեղ:

Ամբողջ աշխարհի զինված ուժերը բախվում են ժամանակակից պատերազմի բարդ տնտեսությանը. էժան անօդաչու սարքի խոցումը հաճախ պահանջում է այնպիսի հրթիռի արձակում, որը մի քանի անգամ թանկ է բուն թիրախից: Դա լուրջ մտահոգություններ է առաջացնում ինչպես ֆինանսական ծախսերի, այնպես էլ զինամթերքի պաշարների սպառման տեսանկյունից:

Նոր հակահրթիռի առաջին տարբերակը, որն ուղղված է փոքր ԱԹՍ-ների ոչնչացմանը, հետագայում նախատեսվում է համալրել երկրորդ՝ ավելի մեծ հեռահարության մոդիֆիկացիայով: Այն ընդունակ կլինի աշխատել եղանակային ցանկացած պայմաններում և խոցել ինչպես անօդաչուներ, այնպես էլ հարվածային միջոցների ավելի լայն շրջանակ՝ չկառավարվող հրթիռներ, սավառնող ռումբեր և թևավոր ձայնամերձ հրթիռներ:

MBDA-ում նշել են, որ տվյալ փուլում ծրագրի մշակումը գլխավորում են ընկերության բրիտանական ստորաբաժանումները, թեև հաջորդող մոդիֆիկացիաները, ամենայն հավանականությամբ, կստեղծվեն ֆրանսիացի մասնագետների ղեկավարությամբ:
Հակահրթիռի սկզբնական տարբերակը հասանելի կդառնա արդեն 2028 թվականին:

Ըստ կոնցեռնի տվյալների՝ համակարգի արտադրությունը կարող է կազմակերպվել ինչպես արդյունաբերական գործընկերների ներգրավմամբ, այնպես էլ անմիջապես MBDA-ի սեփական հզորություններով՝ օգտագործելով գոյություն ունեցող և վերասարքավորված արտադրական գծերը:

«Մենք մոտենում ենք ավտոմեքենաշինության մեջ օգտագործվող մոդելին: Մեր նպատակն է ապահովել խոշորասերիալ արտադրության հնարավորություն»,– հավելել է ընկերության ներկայացուցիչը:

Նմանատիպ նյութեր