211652_close_icon
views-count316 դիտում article-date 18:30 15-07-2026

ԵՄ-ն և Ուկրաինան պայմանավորվել են անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության մասին

Եվրոպական միությունը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության ընդլայնման վերաբերյալ։ Խոսքը արագ զարգացող այն տեխնոլոգիայի մասին է, որը փոխել է ժամանակակից պատերազմի դեմքը։ Գործարքի կնքման մասին չորեքշաբթի օրը Կիևում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է «Euronews»-ը։

Նախաձեռնությունը կոչված է միավորելու ԵՄ արդյունաբերական բազան ուկրաինական առաջադեմ՝ համաշխարհային մակարդակի փորձառության հետ, որը ձեռք է բերվել ռուսական զորքերի դեմ ավելի քան չորս տարի տևող պատերազմի ընթացքում։

Անօդաչու սարքերը առանցքային դեր են խաղացել մարտական գործողություններում՝ օգնելով Կիևին լրացնել կենդանի ուժի դեֆիցիտը և հեռահար հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին, ինչը վառելիքային ճգնաժամ է հրահրել ՌԴ-ում։

«Մենք տարեկան արտադրում ենք 10 միլիոն դրոն՝ 10 միլիոն։ Եվ կլինի 20 միլիոն»,- հայտարարել է Զելենսկին մայրաքաղաքի Միխայլովյան հրապարակում Ուկրաինական պետականության օրվան նվիրված արարողության ժամանակ։

«Առաջին անգամ Ուկրաինան արմատապես փոխեց մարտի դաշտի դեմքը»,- հավելել է նա։

Ֆինանսավորումը ստացվելու է ԵՄ երկու աղբյուրներից՝ Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրո ծավալով վարկային ծրագրից և շուրջ 10 միլիարդ եվրոյից, որը դեռևս մնում է SAFE պաշտպանական ծրագրի տնօրինության տակ։

Մինչ այժմ ԵՄ մի քանի երկրներ Ուկրաինայի հետ առանձին համաձայնագրեր էին կնքել՝ նրա տեխնոլոգիական մշակումներից օգտվելու համար։ Չորեքշաբթի հաստատված համաձայնագիրը գործընկերությունը բարձրացնում է նոր մակարդակի՝ այն հասանելի դարձնելով անդամ բոլոր 27 պետությունների համար։

«Եվրոպայում մենք արդեն ունենք տեխնոլոգիական և արդյունաբերական հսկայական պոտենցիալ, որը կարելի է գործի դնել։
Եվ մենք ունենք անվտանգ արտադրական հարթակներ, որոնք թույլ են տալիս ավելացնել թողարկման ծավալները»,- իր ելույթում ասել է ֆոն դեր Լայենը։

«Բայց մենք չունենք այն մարտական փորձն ու գործնական գիտելիքները, որոնք կուտակել է Ուկրաինան։ Դրա համար էլ ես ասում եմ, որ մենք պետք է միավորենք մեր ուժեղ կողմերը։ Միասին մենք կարող ենք համատեղ արտադրություն հիմնել»,- հավելել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։

Կարևոր նորամուծությունն այն է, որ անօդաչու թռչող սարքերը կարող են արտադրվել և տեղակայվել ողջ դաշինքի տարածքում, այլ ոչ թե Ուկրաինայում՝ դրանք ռուսական հարվածներից պաշտպանելու նպատակով։

Այս տեխնոլոգիայի արագընթաց զարգացման պատճառով դրանց պահպանման ժամկետը երկար չի լինի։ Մոտավորապես երկուսից երեք ամիս անց դրոնները կփոխանցվեն Ուկրաինային կամ անդամ այն պետություններին, որոնք շահագրգռված են սեփական կարողությունների հզորացմամբ՝ նախևառաջ ԵՄ արևելյան թևում։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի այս պլանին Մոսկվան, որի գործողությունները ԵՄ երկրների նկատմամբ դառնում են գնալով ավելի սադրիչ։

Երկրորդ փուլում Եվրահանձնաժողովը մտադիր է Ուկրաինայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները տարածել նաև բալիստիկ և հակահրթիռային համակարգերի արտադրության վրա, սակայն սա հեռավոր ապագայի հեռանկար է։ «Հիմա հենց այն ժամանակն է, որ ներդրումներ անենք Ուկրաինայում, ներդրումներ անենք Եվրոպայում,- ասել է ֆոն դեր Լայենը,- և ներդրումներ անենք մեր ընդհանուր անվտանգության ու ընդհանուր ապագայի մեջ»։

Նմանատիպ նյութեր