211652_close_icon
views-count5614 դիտում article-date 09:41 25-06-2026

Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ «Hyundai Elantra»-ն բախվել է «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին. 28-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է. ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն  իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ի դեպ մոտ 25 րոպե առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկները։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պողոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 92+
92+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր