211652_close_icon
views-count301 դիտում article-date 21:00 16-06-2026

Թուրքիայում իրավունքի գերակայությունն անկում է ապրում. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) քննարկում է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցի նախագիծը, որն աչքի է ընկնում պաշտոնական Անկարայի հասցեին հնչած բավականին կոշտ ձևակերպումներով։

Իսպանացի պատգամավոր Նաչո Սանչես Ամորի կողմից պատրաստված փաստաթուղթը վերջնական քվեարկության կդրվի հունիսի 17-ին։

Զեկույցի նախագծից առանձնանում են հետևյալ հիմնական ուղղությունները.
ԵԽ-ն ափսոսանք է հայտնում Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ստացման բարդությունների հարցում, սակայն միևնույն ժամանակ մեղադրում է թուրքական կառավարությանը՝ անհայտ քանակությամբ հատուկ ծառայողական անձնագրեր չարաշահելու և դրանք անօրինական նպատակներով օգտագործելու մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայում իրավունքի գերակայությունը շարունակում է հետընթաց ապրել, իսկ դատարանները գործում են երկակի ստանդարտներով՝ իշխանության կողմնակիցների հանդեպ ցուցաբերելով այլ, իսկ ընդդիմության հանդեպ՝ բոլորովին այլ մոտեցում։

Խիստ քննադատության է ենթարկվել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ դատական պրոցեսը, ինչպես նաև ընդդիմադիրներ Օսման Քավալայի ու Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները չկատարելը։

Վերջին 5 տարում առաջին անգամ «ԵԽ»-ն իր զեկույցում առանձնակի շեշտում է Թուրքիայի աշխարհիկ հիմքերի խարխլման վտանգը՝ մտահոգություն հայտնելով, որ կրթության, մեդիայի և քաղաքական խոսույթի միջոցով հանրությանը պարտադրվում է կրոնական օրակարգ։

Զեկույցում 1-ին անգամ հնչում է կոնկրետ անուն. ԵԽ-ն կոչ է անում ԵՄ-ին սառեցնել Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի (Ստամբուլի նախկին գլխավոր դատախազ) ակտիվները՝ դեմոկրտական հետընթացի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար։

Դրական կետերի թվում զեկույցն արձանագրում է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) լուծարմանն ուղղված քայլերը, թեև նշվում է, որ հապաղումը գործընթացը դարձնում է խոցելի։ Գնահատվել է նաև Թուրքիայի դերը փախստականների ընդունման և տարածաշրջանային անվտանգության (ՆԱՏՕ-ի համատեքստում) հարցերում։

ԵԽ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը՝ Թուրքիայից պահանջելով հրաժարվել Կիպրոսի հիմնախնդրի լուծման «երկու պետության» մոդելից։ 

Նմանատիպ նյութեր