211652_close_icon
views-count715 դիտում article-date 20:55 24-04-2026

Ռուսաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները հանդիպում են անցկացրել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը բանակցություններ է վարել Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ծյունի հետ, հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:

«Ռազմական երկկողմ համագործակցությունը մշտապես փոփոխվող ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերում: Սա տարածաշրջանային և գլոբալ անվտանգության առանցքային տարրերից մեկն է»,– նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:

Անդրեյ Բելոուսովը վստահություն է հայտնել, որ այսօրվա բանակցությունները հնարավորություն կտան ճշգրտել դիրքորոշումները և որոշել հետագա քայլերը երկու երկրների ռազմավարական փոխգործակցության շրջանակում:

Իր հերթին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ծյունը նշել է, որ չին-ռուսական հարաբերությունները միշտ զարգանում են ճիշտ ուղիով և բարձր մակարդակով:

Չինացի զինվորական գործիչն ընդգծել է, որ ընթացիկ տարին կարևոր ժամանակաշրջան է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, հատկապես պաշտպանական համագործակցության ոլորտում: Ուստի, այդ ժամանակահատվածում նախատեսվում է բարձրագույն մակարդակով բազմաթիվ կարևոր միջոցառումներ անցկացնել:

Չինաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել օգտվել բոլոր հնարավորություններից՝ ռազմավարական փոխգործակցությունն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու համար, որպեսզի հզոր խթան հաղորդվի չին-ռուսական հարաբերությունների բարձրորակ զարգացմանը:

Նմանատիպ նյութեր