211652_close_icon
views-count1978 դիտում article-date 23:14 14-04-2026

Արա Պապյանը՝ Տիգրան Խզմալյանին. «Նրա հեռանալը Բևեռից ոչ մի կապ չի ունեցել գաղափարական կամ առավել ևս աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ»

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի ՖԲ գրառումը.

Այսօր՝ 2026 թ․ ապրիլի 14-ին, Տիգրան Խզմալյանն իր ելույթում ասել է․ «Մենք 21 թվականի ընտրություններին ստեղծեցինք Ազգային ժողովրդավարական բևեռ, որի մեջ մտնում էր Սասնա ծռեր կուսակցությունը և Եվրոպական կուսակցությունը։ Միասին մենք դարձանք Ազգային ժողովրդավարական բևեռ»։ Մեղմ ասած՝ նման հայտարարությունը որևէ կապ չունի իրականության հետ։ Ազգային ժողովրդավարական բևեռը չի ստեղծվել երկու կուսակցությունների միավորումից։ Այն ստեղծվել է որպես ՎԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ հարթակ՝ միավորելու ազգային ժողովրդավարական ուժերին ու անհատներին։

Ի վերջո, պատահական չէր, որ նրա խորհրդի անդամների մեծամասնությունը եղել և մնում են անկուսակցական։ Անգամ կուսակցության անդամները Բևեռում էին ՈՉ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ՝ անհատական կարգավիճակով։ Իսկ նա հեռացավ Բևեռից, որովհետև իր կուսակցության համար ԲԱԶԱՐ էր սարքել և առաջարկում էր ցուցակը կազմել՝ մեկ հոգի Սասնա ծռերից, մեկ հոգի Եվրոպական կուսակցությունից, մեկ հոգի մնացածից։ Բնականաբար, նման կուսակցականացված դիրքորոշումն անընդունելի էր։ Նրա հեռանալը Բևեռից ոչ մի կապ չի ունեցել գաղափարական կամ առավել ևս աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ։ Նույն ելույթում Խզմալյանը նաև ասել է․ «Շաբաթներ առաջ Ազգային ժողովրդավարական բևեռ անվանող իրեն կառույցը առաջարկում էր միանալ Կարապետյան կոչվող քաղաքական շարժմանը»։

 Սա էլ սուտ։ Ազգային ժողովրդավարական բևեռը ոչ պաշտոնական, ոչ էլ անհատական մակարդակով երբևէ չի «առաջարկել միանալ» որևէ մեկին, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի շարժմանը։ Պահանջում եմ, որ Տիգրան Խզմալյանն այս գրության տակ տեղադրի իր խոսքը հիմնավորող որևէ տեսագրություն։

Հակառակ դեպքում նա զրպարտիչ է և ստախոս։

Նմանատիպ նյութեր