211652_close_icon
views-count268 դիտում article-date 17:45 27-03-2026

Բազմաբնակարան շենքերի բնակիչների սեփականության իրավունքի գրանցման խնդիրներին լուծում տվող օրենսդրական փաթեթ է ընդունվել

Ներկայացվել է օրենսդրական փաթեթ, որի նպատակն է լուծել այն խնդիրը, երբ բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերի շուրջ դատական վեճերի պատճառով քաղաքացիները չեն կարողանում ստանալ կամ գրանցել իրենց բնակարանների սեփականության իրավունքը։ Նախագիծն Ազգային ժողովում ներկայացրել է արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը:

Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ հողամասի սեփականության վերաբերյալ վեճը «կասեցնում» է ամբողջ շենքի բնակարանների նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացը՝ ստեղծելով անորոշություն հարյուրավոր քաղաքացիների համար։

Արդյունքում ձևավորվում է օրինական ակնկալիք, որը չի իրացվում․ մարդիկ չեն կարողանում ձևակերպել ձեռք բերված գույքի նկատմամբ իրենց իրավունքները։

Նախագծով առաջարկվող լուծումները՝
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հայցով հարուցված` հողամասի շուրջ դատական վեճի առկայությունը այլևս խոչընդոտ չի լինի կառուցված շենքից բնակարանի սեփականության իրավունքի փոխանցման համար, ինչպես նաև կառուցվող շենքից բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման համար։

Գնորդը կստանա բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը:

Կառավարությունը կկարողանա սահմանել շենքով զբաղեցված հողամասի սխեման, որի շրջանակում, անկախ դատական վեճի արդյունքից, երաշխավորվում է գնորդների սեփականության իրավունքը և’ բնակարանի, և’ հողամասի նկատմամբ։

Բոլոր դեպքերում գնորդներին երաշխավորվում է շենքի ընդհանուր գույքի կառավարմանը մասնակցելու հավասար իրավունք։
Կարգավորումները միտված են քաղաքացիների սեփականության իրավունքի պաշտպանությանն ու տարածվում են նաև նախկինում ձևավորված հարաբերությունների վրա։

Նմանատիպ նյութեր