211652_close_icon
views-count418 դիտում article-date 18:31 18-03-2026

Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից

Արգենտինան դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։ Որոշումն ուժի մեջ է մտել երեքշաբթի՝ մարտի 17-ին, պաշտոնական ծանուցումից մեկ տարի անց, հայտարարել է արտաքին գործերի նախարար Պաբլո Կիռնոն։

«Մեր երկիրը կշարունակի խթանել միջազգային առողջապահական համագործակցությունը երկկողմ համաձայնագրերի և տարածաշրջանային ֆորումների միջոցով՝ լիովին պաշտպանելով իր ինքնիշխանությունն ու առողջապահական քաղաքականության հարցերով որոշումներ կայացնելու լիազորությունը», - գրել է նախարարը X սոցիալական ցանցում։

Ուղիղ մեկ տարի առաջ Արգենտինայի կառավարությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին տեղեկացրել էր ԱՀԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Նախագահ Խավիեր Միլեյը որոշումը հիմնավորել է COVID-19 համավարակի ընթացքում ԱՀԿ-ի քաղաքականության հետ անհամաձայնությամբ։

Միացյալ Նահանգներն առաջին երկիրն էր, որ հունվարին դուրս եկավ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: ԱՀԿ-ն հիմնադրվել է 1948 թվականին և ունի ավելի քան 190 անդամ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կազմակերպությանը մեղադրել է կոռուպցիայի, անարդյունավետության և Չինաստանի ու մյուս պետությունների քաղաքական ճնշումներին զիջելու համար։

ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալուց հետո Միացյալ Նահանգները թողել է 260 մլն դոլարի պարտք։ ԱՄՆ-ի և Արգենտինայի որոշումներով պայմանավորված՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը կրճատում է աշխատակիցների հաստիքները։ Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ աշխատանքից կհեռացվի ԱՀԿ-ի անձնակազմի 25 տոկոսը։

Նմանատիպ նյութեր