Զելենսկին նշել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պայմանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառաջադրվի երկրորդ ժամկետով, եթե մինչև ընտրությունների ժամկետը Ռուսաստանի հետ պատերազմը չավարտվի, հաղորդում է РБК-Украина -ն՝ հղում անելով Tagesschau-ին։
«Բոլոր նրանց, ովքեր բարձրացնում են ընտրությունների հարցը, ես ասում եմ. տեսեք, ես պատրաստ եմ անմիջապես։ Ապահովեք ընտրությունների անվտանգությունը, ապահովեք հրադադար այդ ժամանակահատվածում։ Այդքանը»,- հայտարարել է Զելենսկին։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ եթե բանակցությունները հաջողվի երկամսյա հրադադար ապահովել, ընտրությունների անցկացումը լիովին հնարավոր է։
«Առայժմ ես մնում եմ այս [առաջին նախագահական - խմբ.] ժամկետի սահմաններում, ոչ թե իմ սեփական ընտրությամբ։ Այն պարզապես երկարաձգվել է [պատերազմի պատճառով - խմբ.]։ Ես չգիտեմ՝ կառաջադրվեմ, թե ոչ։ Եթե պատերազմը շարունակվի, այո, անկասկած»,- նշել է պետության ղեկավարը, հավելելով. որ եթե խաղաղություն լինի, թերևս չի առաջադրվի:
Ուկրաինան սկսել է ակտիվորեն քննարկել ընտրությունները։ Reuters-ի տվյալներով՝ Կիևը և Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շուրջ քննարկումներ են ունեցել դեռևս այս տարվա մարտ ամսին։ Ավելին, ըստ որոշ տեղեկությունների՝ մայիսին նախատեսված են նախագահական ընտրություններ և հանրաքվե։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ եթե լինի առնվազն երկամսյա հրադադար, ինքը պատրաստ է անցկացնել նախագահական ընտրություններ։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ իր փոխարեն Ուկրաինայի ուրիշ նախագահ ընտրվի։


