211652_close_icon

Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը մեկուկես օր պաշտոնավարելուց հետո ձերբակալվեց. նրան մեղադրանք է ներկայացվել․ news.am

views-count2848 դիտում article-date 14:21 24-02-2026
«Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը, վերանշանակումից հետո պաշտոնավարելով մեկուկես աշխատանքային օր, ձերբակալվեց։ NEWS.am-ի տեղեկություններով՝ Դանիելյանինն իրավապահների ուղեկցությամբ մանկապարտեզից տեղափոխեցին Հակակոռուպցիոն կոմիտե և մեղադրանք առաջադրեցին: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ռ. Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 19-ի կարգադրությամբ, երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին վերականգնել է նախկին աշխատանքին՝ կատարելով քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով ընդմենն արձանագրվել էր, որ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մակրտչյանը չի ապահովել Դանիելյանի՝ աշխատանքից ազատման դիմումը հետ վերցնելու իրավունքը: Ինքը՝ նախկին թաղապետը, պնդում է, որ եթե անգամ այդ դիմումը հետ ընդուներ, նույն օրը Դանիելյանին ազատելու էր աշխատանքից՝ հիմք ընդունելով մանկապարտեզում հայտնաբերված խախտումների արձանագրությունը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում աղաղակող խախտումներ էին բացահայտվել՝ գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, կաշառք տալու, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր։ Մանկապարտեզի նկուղում հայտնաբերվել էին արկղեր, որոնցում թաքցված էին թռչնամիս, կարագ, ձեթ, ջեմ եւ այլ մթերքներ, որոնք պարբերաբար դուրս են բերվել մանկապարտեզի տնտեսվարի կողմից: Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով՝ Ռուզաննա Դանիելյանը և տնտեսվարը ներկայացրել էին աշխատանքից ազատման դիմումներ։ Դեռևս այն ժամանակ վարչական շրջանի աշխատակազմը ծնողներին հավաստիացրել էր, որ հետամուտ կլինեն դեպքի լիարժեք բացահայտմանը և մեղավորների՝ հատկապես տնօրենի, պատասխանատվության անխուսափելիությանը։ Սակայն բացահայտված չարաշահումները ոչ միայն այդպես էլ իրավական գնահատական չէին ստացել և երեխաների սննդի յուրացումների դեպքերը քննության առարկա չէին դարձել, այլ Ռուզաննա Դանիելյանն իր ազատման գործընթացի իրավաչափությունը հասցրել էր վիճարկել քաղաքացիական դատարանում և վերականգնել իր «խախտված» աշխատանքային իրավունքը: Քաղաքացիական գործով դատարանը բավարարել էր նախկին տնօրենի հայցը` հաշվի առնելով, որ նա ազատման դիմումից երեք օր անց դիմել էր վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, որպեսզի հետ վերցնի իր դիմումը, սակայն թաղապետը այդ դիմումին ընթացք չի տվել և Դանիելյանի ներկայացրած առաջին դիմումի հիմքով նրան ազատել է աշխատանքից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր