211652_close_icon

Ինչ է սպասվում Արսեն Զախարյանին․ Ռեալ Սոսյեդադում որոշում են կայացրել

views-count886 դիտում article-date 16:18 22-02-2026
Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն ընդգծել է, որ ակումբը շարունակում է հույսեր կապել կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ: Օրերս ֆուտբոլիստը հայտնվել էր երկրպագուների քննադատության թիրախում Լա Լիգայի 25-րդ տուրի՝ «Օվիեդոյի» (3:3) դեմ խաղից հետո:

Այդ հանդիպմանը Զախարյանը փոխարինման էր դուրս եկել 77-րդ րոպեին, ինչից հետո սոցցանցերում արժանացել էր դժգոհությունների՝ բաց թողած գոլային պահերի պատճառով:

Պատասխանելով Sport24-ի այն հարցին, թե որն է ակումբի դիրքորոշումն այս հարցում, Մունդուատեն նշել է.
«Մենք չգիտենք, թե ովքեր են գրում այդ բացասական գրառումները։ Գլխավոր մարզիչը նրա մասին միայն դրական է արտահայտվում։ Ակումբը չի դիտարկում այս ամռանը նրան վաճառելու տարբերակը, և մենք ակնկալում ենք, որ Զախարյանը կշարունակի աճել ու զարգանալ մեզ հետ միասին»:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի գնահատականներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 7,5 մլն եվրո։

Armsport

 

Նմանատիպ նյութեր