211652_close_icon

Շիրակի մարզում քաղաքական դրդապատճառներով կին են ձերբակալել․ ո՞վ է նա․ Aravot.am

views-count1000 դիտում article-date 20:12 20-02-2026
Ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Շիրակի մարզում կրկին կնոջ են ձերբակալել։

«Շիրակի մարզում կրկին կին է ձերբակալվել քաղաքական մոտիվներով, ձերբակալման հիմքը կատարյալ զավեշտ։ Այս պահին փորձում ենք հնարավորինս աջակցել, ավելի ուշ մանրամասները կներկայացնեմ»,– գրել էր նախկին իրավապաշտպանը։

 Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ կինն Ախուրյանից է՝ մոտ 60 տարեկան, քաղաքական գործիչ չէ, ճանաչված դեմք չէ, սակայն տարիներ շարունակ քննադատական գրառումներ է կատարել իշխանության հասցեին՝ արտահայտելով իր անհամաձայնությունը նրանց վարած քաղաքականության նկատմամբ՝ այս կամ այն հարցի շուրջ։

Նրա գրառումները, ըստ Կարապետ Պողոսյանի, որևէ անգամ ուշադրության չեն արժանացել, սակայն երբ նախորդ օրը կինը փոխել է իր սոցիալական էջի ետնանկարը՝ տեղադրելով ընդդիմադիր կուսակցություններից մեկի լոգոն, նրան գիշերով տանից տարել են՝ ձերբակալելով ու Աշտարակի ձերբակալվածների պահման վայր տեղափոխելով։

«Նրան բերման են ենթարկել գիշերով, տեղեկացրել են, որ ֆեյսբուքյան ցանցով տարբեր ժամանակահատվածներում քննադատություններ է գրել, երկու օր առաջ էլ տարածել է ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի լոգոն։ Այս պահին փաստաբանը, ով զբաղվում է այդ գործով, փորձում է ամեն կերպ աջակցել տիկնոջը։ Զավեշտն այն է, որ տևական ժամանակ է՝ կինը գտնվում է անազատության մեջ, բայց հստակ մեղադրանք չկա իրեն առաջադրված։

Այս պահին փաստաբանն աշխատում է, սպասում ենք զարգացումներին, որից հետո կանդրադառնանք մեր իրավապահ համակարգի «փայլուն» օպերացիային։ Կինը ճանաչված չէ, քաղաքական գործիչ չէ, սովորական գյուղացի կին է, շրջապատում բավական հարգված անձ է։ Զավեշտն այն է, որ տարիներ շարունակ սոցիալական ցանցում տեղ գտած իր մեկնաբանություններին չեն անդրադարձել և որոշել են միանգամից անդրադառնալ այն պահին, երբ նա դիրքորոշում է հայտնել կոնկրետ քաղաքական ուժի միանալու մասով։

Եթե մարդուն բերման են ենթարկում ու մեղադրանք չեն առաջադրում, հինգ ժամ անց պիտի դուրս գա, բայց նա երկար մնաց, շուտով 24 ժամն էլ կլրանա, բայց մինչև այս պահը հստակ մեղադրանք չկա ներկայացված, պարզ էլ չէ՝ ուր են տանում՝ կալանավորման՞ Սա հավակնում է լինել Հայաստանի նորանկախ պատմության վերջին 8 տարիների բռնաճնշումների մեջ ամենազավեշտալի դեպքերից մեկը»,– ասում է Կարապետ Պողոսյանը։

Ըստ Կարապետ Պողոսյանի՝ այդ կնոջը տարել են Աշտարակի ՁՊՎ, մինչդեռ Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի ՁՊՎ-ում կանանց համար սարքած հատուկ սենյակ կա, ու հետաքրքիր է՝ ինչու նրան չեն տեղափոխել այնտեղ․ սենյակն ազատ չէ՞, այլ ձերբակալված կին կա՞, թե՞ ուղղակի նրան տարել են այլ մարզ, որպեսզի ծածկադմբոց անեն, աղմուկ չբարձրանա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում 

Նմանատիպ նյութեր