211652_close_icon

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պաշտոնյաների հետ քննարկել է ընտրական գործընթացներին վերաբերող հարցեր

views-count790 դիտում article-date 18:57 16-02-2026
 ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 11-ին ընդունել է Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկանում ենք  ՆԳՆ ոստիկանությունից։

Օրակարգում 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացվածության և կարիքների գնահատման հարցերն էին:

Ընտրությունների հարցերով ավագ խորհրդական Քսենյա Դաշուտինան հետաքրքրվել է ընտրական գործընթացի կազմակերպման, քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման, ինչպես նաև ՆԳ նախարարության կողմից իրականացվող նախապատրաստական միջոցառումներով։

Արմեն Ղազարյանը նշել է, որ նախարարությունն առաջին հերթին պատասխանատու է ընտրողների ցուցակների պատշաճ կազմման և հրապարակման համար։ Նա ներկայացրել է ընտրողների ցուցակների կազմման գործընթացը՝ անդրադառնալով տվյալների թարմացման ուղղությամբ Համայնքային ոստիկանության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից համատեղ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև օրենսդրական կարգավորումներին։

Քննարկվել են նախընտրական և ընտրական գործընթացներում առերևույթ խախտումների հայտնաբերման և համապատասխան մարմիններին փոխանցման գործընթացում ՆԳՆ ոստիկանության իրավասությունները։

Կողմերն ընդգծել են ընտրական գործընթացի թափանցիկության և օրենսդրությամբ սահմանված պահանջների լիարժեք պահպանման կարևորությունը։

Ընտրությունների հրապարակայնության և թափանցիկության ապահովման գործընթացում կարևորվել են ակտիվ համագործակցությունն ու համակարգված աշխատանքը:

Քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր