211652_close_icon

Նյութական մոտիվացիա ենք ստեղծում 24-25 տարեկան զինծառայողների համար, որ շարունակեն ծառայությունը. Սուրեն Պապիկյան

views-count466 դիտում article-date 12:10 11-02-2026
Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստը: 

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ օրենքի նախագծի համաձայն՝ վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը, «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներն ատեստավորված են համարվելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով, պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոն, իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնին նշանակված զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով:

«Երկու դեպքում էլ հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից»,- նշեց Պապիկյանը՝ տեղեկացնելով, որ ներկայումս «Պաշտպան հայրենյաց» ծրագրով շուրջ 4000-ից ավելի պարտադիր ժամկետային զինծառայողներ են անցել պայմանագրային զինվորական ծառայության:

«Այս հոսքն ավելացման միտում ունի, որի կապակցությամբ առաջարկվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո երկու կամ հինգ տարով հերթական պայմանագիրը կնքող զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն, երկու տարվա դեպքում՝ մեկուկես միլիոն, հինգ տարվա դեպքում՝ հինգ միլիոն դրամ»,- հայտնեց պաշտպանության նախարարը:

Նրա խոսքով՝ առաջարկվող կարգավորման նպատակն է լրացուցիչ նյութական մոտիվացիա ստեղծել հիմնականում 24-25 տարեկան զինծառայողների համար՝ շարունակելու պայմանագրային զինծառայությունը՝ նրանց դիտարկելով որպես արհեստավարժ զինված ուժեր ունենալու՝ Կառավարության տեսլականի հիմնական կրողներ, որոնց փաստացի աշխատանքային գործունեությունը կապվում է ԶՈՒ-ում պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հետ:

«Առաջարկվող կարգավորման առաջընթաց տեսլականը նաև այն է, որ արդեն իսկ երկրորդ պայմանագրից հետո առավելագույնը 30-ամյա տարիքում, ունենալով մինչև 10 տարվա զինվորական ծառայության ստաժ, նշված զինծառայողների մեծամասնությունը կրկին կշարունակի զինծառայությունը»,- ընդգծեց Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը հավանության է արժանացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Նմանատիպ նյութեր