211652_close_icon

Մինչ Երևանի քաղաքապետը առողջապահության նախարարի ականջից հեռու խոստովանում է, որ ավտոճանապարհներին աղի չափաբաժինը գերազանցել են, Դավիթաշենից Զովունի հասնելու համար վարորդները «ողջագուրվում» են մարդաբոյ փոսերին՝ վնասելով մեքենաները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1489 դիտում article-date 21:59 09-02-2026
Այսօր՝ փետրվարի 9-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը խրոխտ կեցվածք ընդունելով պատճառաբանում էր, որ մայրաքաղաքում փոսերի աննախադեպ «աճի» պատճառը իրենց կողմից շատ աղ օգտագործելն է եղել։ Այստեղ են ասում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ականջից հեռու, ով տևական ժամանակ է հորդորում է, որպեսզի սննդակարգում աղ չօգտագործվի կամ շատ քիչ, մինչդեռ ըստ Տ․ Ավինյանի՝ ասֆալտին այնքան աղ են «կերցրել», որ Երևանը վերածվել է խրամատների կամ մարդաբոյ փոսերի։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման փոսերը տևական ժամանակ առկա են նաև Դավիթաշեն վարչական շրջանում, այդ թվում Եղվարդի խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի բնակավայր տանող ճանապարհահատվածում, ու եթե նախկինում այդ ճանապարհահատվածը վարորդները հաղթահարում էին մի քանի րոպե, ապա հիմա 40 րոպեից 1 ժամ է պահանջվում, որպեսզի շրջանցեն այդ փոսերը կամ փոսերով «ողջագուրվելով» ավտոմեքենաները և անվահեծանները կոտրելով, որոշ դեպքերում էլ անվադողերը տրաքացնելով անցնեն։

Թե երբ քաղաքային իշխանությունը կյանքի կկոչի երկար տարիներ իրենց կողմից շրջանառվող այն պնդումը՝ «թե մենք էն տեսակ ասֆալտ ենք փռում, որ եվրոպական շատ երկրների ղեկավարներ կնախանձեին», դեռևս հայտնի չէ։ Մնում է վարորդները ցուցաբերեն զգոնություն և փորձեն հաղթահարել այդ փոսերը, մինչև Երևանի քաղաքապետարանը խոսքից գործի կանցնի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում շատ վարորդներ իրենց զայրույթն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի հասցեին՝ ասելով․ «Ձմեռը մի փոքր «փռշտաց», ձեր սարքած ասֆալտը «հոդս ցնդեց» ու անգամ այնպիսի փոսեր են առաջացել, որտեղ կարելի է ջուր լցնել և ձուկ պահել, ու մեկ էլ երանի ենք տալիս, որ էս փոսերի պատճառով ողբերգական ավտովթարներ տեղի չեն ունեցել։ Եղել են վթարներ, երբ փոսերը շրջանցելով ավտոմեքենաների միջև բախում է տեղի ունեցել, իսկ երբ կանչ ենք տալիս 1-03 կամ 9-11՝ էդ մարդիկ փոսերի պատճառով մի հատ էլ իրանք են իրենց համար ավտոքարշակներ կանչում, որ փոսը ընկած ու վնասված մեքենաները տեղափոխեն ավտովերանորոգման կետեր»։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր