211652_close_icon

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը. 4 վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count4366 դիտում article-date 09:45 01-02-2026
Երեկ՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել են «Porsche Cayenne», «BYD» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներից 2-ին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հայ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները Սևակ Միրզախանյանը և Խաչիկ Զաքարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր