211652_close_icon

Իսրայելը Գազային է հանձնել 15 պաղեստինցիների դիակներ

views-count1393 դիտում article-date 22:15 29-01-2026
Իսրայելը գերիների փոխանակման գործարքի շրջանակում 15 պաղեստինցիների դիակներ է հանձնել Գազայի հատվածի ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է պաղեստինյան այդ տարածքի առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ զոհվածների աճյունները «Նասեր» բժշկական համալիր են տեղափոխվել Կարմիր խաչի կազմակերպության միջնորդությամբ։

Նախարարության տվյալներով՝ գործարքի շրջանակում Գազա են վերադարձվել 360 զոհված պաղեստինցիների աճյուններ։ Ներկայում ընթանում է մահացածների ինքնությունը պարզելու և դիակները նրանց հարազատներին հանձնելու գործընթացը։

Հունվարի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես հայտարարել էր, որ Գազայում այլևս չկան իսրայելցի պատանդներ։ Հայտարարությունը կատարվել էր վերջին զոհված պատանդի՝ Ռան Գվիլիի ինքնությունը պարզելուց հետո։ Պաղեստինցի զինյալները նրան սպանել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ օրն առևանգված ավելի քան 250 պատանդներից ողջ են մնացել 168-ը։

Նմանատիպ նյութեր