Ուղերձ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա հայրերին՝ Հայաստանում և Սփյուռքում
ՈՒՂԵՐՁ՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՀԱՆԱ ՀԱՅՐԵՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ և ՍՓՅՈՒՌՔՈՒՄ
Արժանապատի՛վ լծակից հայրեր, Սուրբ Սեղանի սպասավորնե՛ր, Քրիստոսի հոտի հսկող և պահապան հովիվնե՛ր։ Խորին ակնածանքով և սրտի խոնարհությամբ եմ դիմում ձեզ՝ գիտակցելով և ձեզ էլ հիշեցնելով, որ քահանայական ծառայությունը, ըստ սուրբ հայրերի վկայության, մարդկային կարողություններից վեր է և իրագործվում է միայն Աստծու ողորմությամբ ու շնորհով, քանի որ «Քահանայությունը իրագործվում է երկրի վրա, բայց պատկանում է երկնային կարգերին»:
Այս օրերին, երբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին անցնում է ծանր փորձությունների միջով, երբ վտանգված է նրա միասնությունը, առկա է պառակտման սպառնալիք, երբ խռովության ու գայթակղության ալիքները փորձում են խաթարել ներեկեղեցական և ներազգային խաղաղությունը, հատկապես դո՛ւք, որ ծառայում եք Հայաստանում, ձեր կեցվածքով վկայեցիք, թե ի՛նչ է նշանակում լինել ճշմարիտ հովիվ. դուք չխոնարհվեցիք իշխանության պահանջների և ճնշման առջև, չտատանվեցիք, չվախեցաք՝ հավատարիմ մնալով դարերով սրբագործված Ավանդությանը, Հայ Առաքելական Եկեղեցու սկզբունքներին ու կանոններին, մեր հոգևոր առաջնորդին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:
Այն պահին, երբ ձեզանից սպասվում էր զիջում, դավաճանություն և դավադրություն, ճշմարտության խեղաթյուրում, դուք ցուցաբերեցիք անսասանություն և բարձր պահեցիք քահանայի արժանապատվությունը: Երբ առաջարկվում էր հարմարավետություն, դուք ընտրեցիք խաչը՝ հավատարիմ մնալով քահանայական կոչմանը, կանգնեցիք Աստծու և ժողովրդի միջև՝ առանց խեղաթյուրելու ճշմարտությունը և առանց դավաճանելու խղճին: «Ով կանգնած է սրբարանի առաջ, պարտավոր է մաքուր լինել ոչ միայն մարդկանց առջև, այլ առավե՛լ ևս՝ Աստծու առջև» (Հովհան Ոսկեբերան):
Դրա համար իմ խղճի և եպիսկոպոսական պարտքն եմ համարում սրտի խորքից ձեզ շնորհակալություն հայտնելը, որ թույլ չտվեցիք քահանայությունը վերածելու արհեստի և չդարձաք պատվեր կատարող արհեստավորներ, չդարձաք կեղծ ու նենգամիտ բարենորոգության գործիք՝ ընդդեմ մեր Եկեղեցու և մեր Հայրապետի: Որպես ծառայակից եղբայր, քաջալերում եմ ձեզ մնալու ճշմարիտ հովիվներ և երբեք չդառնալու վարձկաններ: «Քահանան կոչված է կանգնելու փոթորկի մեջ և փրկելու ոչ թե իրեն, այլ հոտին» (Հովհան Ոսկեբերան):
Խորագույն հարգանքով խոնարհում եմ գլուխս ձեր առջև, հոգով ծնկում եմ յուրաքանչյուրիդ առջև և ակնածանքով համբուրում եմ ձեր՝ Սրբալույս Մյուռոնով դրոշմված աջը՝ ա՛յն աջը, որ օրհնում է ժողովրդին և կրում է Եկեղեցու համար պատասխանատվության ծանր բեռը:
Թո՛ղ Տերն ամեն ժամ զորացնի ձեզ՝ անսասան մնալու ձեր առաքելության ու ծառայության լիարժեք իրագործման և ճշմարտության հաստատման մեջ։ Եվ թո՛ղ Տերը հատուցի ձեզ՝ որպես բարի ու խիզախ ծառաների՝ ձեր ցուցաբերած հավատարմության համար:
Ընդունեցե՛ք իմ եղբայրական հորդորները՝ առաքյալի խոսքերով. «Արթո՛ւն եղեք և հսկեցե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա»:
Տ. Աբգար Եպս. Հովակիմյան
Առաջնորդ Կանադահայոց Թեմի