211652_close_icon

«Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067–ի ավարտը

views-count493 դիտում article-date 12:10 22-01-2026
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացմանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման նպատակն է Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ընդլայնել ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակությունները։

Հիշեցնենք, որ այս երկու օդանավակայանները տրված են կոնցեսիոն կառավարման։

Այս որոշմամբ հիմնականում նախատեսվում են հետևյալ փոփոխությունները՝

Կապանի «Սյունիք» օդանավակայանի վրա Կոնցեսիոն պայմանագրի սահմանափակումները վերացվում են,

Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի դեկտեմբերի 31-ը,

Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ 425 մլն. ԱՄՆ դոլարի չափով կապիտալ ներդրումներ,

Գործող սակագների փոփոխությունները կիրականացվեն ամենամյա սկզբունքով միայն  ճշգրտման եղանակով,

Սահմանվում է կանոն այն մասին, որ եթե կոնցեսիայի ժամկետի ընթացքում որևէ պահի ոչ Կոնցեսիոների մեղքով ուղևորահոսքը 2 տարի անընդմեջ նվազում է՝ ամեն տարի կազմելով 4.000.000 ուղևորից պակաս, ապա Կառավարությունը պետք է Կոնցեսիոների կրած վնասի համար Կոնցեսիոներին փոխհատուցի սակագների ճշգրտման եղանակով, բայց ոչ ավելի քան 3 տարի ժամկետով։

Սահմանվում է, որ Կոնցեսիոների բաժնետոմսերի Հսկիչ փաթեթի սեփականատիրոջ փոփոխությունը պետք է նախապես համաձայնեցվի Կառավարության կողմից,

Սահմանվում է, որ Կոնցեսիոները պարտավոր է կոնցեսիոն ժամկետի ավարտից հետո կամ պայմանագրի վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը  և դրա պատկանելիքները վերադարձնել Կառավարությանը լիովին և լիարժեք շահագործվող վիճակում։

Նախագծով առաջարկվում է նաև որպես Կառավարության ներկայացուցիչ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին 1 ամսյա ժամկետում ստորագրել ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս․ Ա․»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը։

Նախագծի ընդունման նպատակն է ընդլայնել ՀՀ միջազգային օդանավակայանների թողունակությունը, բարելավել ենթակառուցվածքները, բարձրացնել սպասարկման որակը, ինչպես նաև ստեղծել պայմաններ՝ տեղական չվերթեր սպասարկող օդանավակայանը (Կապանի «Սյունիք» օդանավակայան) միջազգային օդանավակայան դարձնելու համար։

Նմանատիպ նյութեր