211652_close_icon

Փաշինյանն ընդունել է Շառլ Միշելին

views-count412 դիտում article-date 16:25 20-01-2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, մրցանակի հանձնաժողովի անդամ, Աֆրիկյան միության հանձնաժողովի նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։

Մուհամմադ Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակակիր՝ ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հաստատման, տարածաշրջանում համագործակցության և կայունության ապահովման օրակարգը հետևողականորեն առաջ մղելու համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ինչն ընդգծում է խաղաղության առաջմղման համար համատեղ ջանքերը։ Մուհամմադ Աբդելսալամը նշել է, որ այն, ինչ անում է վարչապետ Փաշինյանն այս համաձայնագիրը կյանքի կոչելու համար, օրինակ է աշխարհում շատ հակամարտությունների համար։ «Այս նշանավորումը ցույց է տալիս հենց համաձայնագրի կարևորությունը՝ որպես դրական քայլ դեպի խաղաղություն, հաշտեցում և տարածաշրջանային կայունություն։ «Զայեդի» մրցանակը նշանավորում է այս նախաձեռնությունը, որպեսզի խրախուսի և ոգեշնչի աշխարհի առաջնորդներին ձգտելու երկարատև խաղաղության։ Մենք վստահ ենք, որ ինչ Դուք անում եք, գալիս է սրտից, հանուն խաղաղության, Ձեր ժողովրդի և ամբողջ աշխարհի»,– նշել է Մուհամմադ Աբդելսալամը՝ ավելացնելով, որ այս տարի մրցանակի հավակնորդների թվում է եղել 350 մարդ՝ ավելի քան 90 երկրից։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնաժողովի անդամներին գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալու «Զայեդի» անվան մրցանակին։ Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու նպատակով ներդրված ջանքերը գնահատելու համար։

«Իհարկե, դա շատ մարդկանց կատարած աշխատանքի արդյունքն է Հայաստանում, և բնականաբար Հայաստանից դուրս։ Իհարկե, ես գիտեմ, որ Ադրբեջանի նախագահը նույնպես պարգևատրվել է և մենք կիսում ենք այս մրցանակը։ Դա արդարացված է։ Այն իսկապես համատեղ նվաճում է։ Խաղաղության հաստատման ուղղությամբ շատ մարդիկ էին աշխատում և դեռ աշխատում են՝ ԱՄՆ-ում, ԵՄ-ում, տարբեր միջազգային հարթակներում, Ադրբեջանում։ Եվ իհարկե, առաջին հերթին դա մեր քաղաքական թիմի, Կառավարության, խորհրդարանի, հասարակության ձեռքբերումն է, որովհետև գիտեք, որևէ համաձայնության ի կատար ածումն անհնարին կլիներ առանց հասարակության, ժողովրդի աջակցության»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այս ողջ գործընթացում ամենակարևոր դերը խաղացել է Հայաստանի ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել հյուրերին և նշել, որ այսպիսով նրանք իրենց չափազանց կարևոր ներդրումն են բերում խաղաղության գործընթացին և այն ավելի ինստիտուցիոնալ դարձնելուն։

Հանդիպման ընթացքում վարչապետին է փոխանցվել փետրվարի 4–ին Աբու Դաբիում կայանալիք «Զայեդի» մրցանակի արարողությանը մասնակցելու հրավերը։

Նմանատիպ նյութեր