211652_close_icon

ԱԺ-ն ընդունեց պարտադիր զինծառայություն չանցած 27-37 տարեկան քաղաքացիներին վերաբերող օրենքի նախագիծը

views-count1738 դիտում article-date 13:09 20-01-2026
Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որը 27  տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն է տալիս վերադառնալ հայրենիք,  ծառայելու և գումար վճարելու եղանակով մարել ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քվեարկությամբ ստացավ 87 կողմ, 5 ձեռնպահ ձայներ:   

Նախագծով առաջարկվում է 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից՝ կամովին վերադառնալով Հայաստան և ընտրելով հինգ տարբերակներից մեկը․ ծառայել 24 ամիս, ծառայել 12 ամիս և վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս և վճարել 10 մլն դրամ, զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 մլն դրամ։   

«Նախագծին մեր հազարավոր քաղաքացիներ երկար են սպասել: Նախագծով 27  տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք՝ ծառայելով և գումար վճարելով մարել Հայաստանի առջև ունեցած իրենց պարտքը և նոր կյանք սկսել Հայաստանում»,-ասաց Հայկ Սարգսյանը քվեարկությունից հետո:  

Նա շնորհակալություն հայտնեց «Հայաստան» խմբակցությանը՝ իր հեղինակած նախագծին կողմ քվեարկելու համար: Պատգամավորը նաև տարակուսանք հայտնեց, թե ինչու «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս կողմ չքվեարկեց:

Նմանատիպ նյութեր