211652_close_icon

ԱԳՆ-ն առաջարկում է երկարաձգել մի քանի երկրներում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը

views-count1720 դիտում article-date 17:51 03-01-2026
Կառավարության գրավոր քվեարկության հարցերից մեկով ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է 2025 թվականի մայիսի 22-ի N 610-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարել։

Ըստ այդմ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության տարածքում կացության կարգավիճակ (ՀՀ մուտք գործելու օրվանից 6 ամիս վավերականությամբ) ունեցող օտարերկրացիների համար սահմանված առանց մուտքի վիզայի ռեժիմի ժամկետը կերկարաձգվի։

«Նախագծի ընդունմամբ Որոշմամբ նշված օտարերկրացիներին հարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը։

Վերոհիշյալ պետություններն ունեն զարգացած տնտեսություն՝ բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ։ Իրենց տարածքում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները ևս ունեն տնտեսական ակտիվություն, բիզնես շահեր և ֆինանսական կարողություններ։

Տվյալ համատեքստում մուտքի վիզայի ռեժիմի ազատականացման ժամկետի երկարաձգումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության բարձրացմանը՝ այս խմբից ավելի շատ ներդրողների, գործարարների և գործնական այցերի խրախուսմամբ։

Բացի այդ, մուտքի վիզայի ազատականացման ժամկետը կարող է խթանել զբոսաշրջային հոսքերի ավելացումը, ինչն իր հերթին՝ կհանդիսանա լրացուցիչ խթան տեղական տնտեսության համար՝ հատկապես զբոսաշրջային, հյուրանոցային, սպասարկման և ռեստորանային ոլորտներում»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Նմանատիպ նյութեր