211652_close_icon

Ավելի քան 16.000 փորձագիտական հետազոտություններ մեկ տարում. Բյուրոն ամփոփում կատարված աշխատանքները

views-count565 դիտում article-date 14:22 30-12-2025
ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում 2025 թվականի ընթացքում քրեադատավարական օրենսդրության շրջանակներում 28 փորձագիտական տեսակներով, 114 ենթատեսակներով և տեխնոլոգիական ուղղություններով իրականացվել են 16.000-ից ավելի փորձագիտական հետազոտություններ՝ ապահովելով գիտականորեն հիմնավորված արդյունքների ստացումը:

Անցնող տարում Փորձաքննությունների ազգային բյուրոյում քիմիկոթունաբանական ուղղությամբ պայմանագրային հիմունքներով իրականացվել են միջազգային չափանիշներին համապատասխան ավելի քան 1000 հետազոտություններ:

Կազմակերպությունում առանձին ուղղություններով մշակվել և ներդրվել են հետազոտական նոր մեթոդներ և մեթոդիկաներ, նաև դրանց կիրառմամբ սկսվել են իրականացվել տարբեր հետազոտական աշխատանքներ՝ գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովմամբ: 

Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել են նաև համապատասխան հետազոտական ուղղություններով տվյալների շտեմարանների համալրման աշխատանքները:

Կազմակերպության ստորաբաժանումների փորձագետները մասնակցել են Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) համապատասխան աշխատանքային խմբերի կողմից անցկացված համաժողովներին, կոնֆերանսներին, գիտաժողովներին, աշխատաժողովներին, որակավորման ստուգման թեստերին և ընթացիկ այլ աշխատանքներին՝ ապահովելով իրենց մասնագիտական ընդգրկվածությունը ժամանակակից գիտամեթոդաբանական աշխատանքային միջավայրում:

2025 թվականին Կազմակերպության 7 փորձագետներ՝ նյութագիտական, հետքաբանական, տոքսիկոլոգիական, աուդիոձայնագրային և ԴՆԹ փորձաքննությունների ուղղություններով, մասնակցել են դատափորձագիտական ոլորտում մասնագիտական գիտելիքների և հմտությունների գնահատման միջազգային պրոֆեսիոնալ թեստավորմանը (Professional test) և ստացել են դրական արդյունքներ։

Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI) լիիրավ անդամ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կազմակերպմամբ 2025թ. նոյեմբերի 12-ից 14-ը Երևանում տեղի է ունեցել Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի 2025թ. ընդլայնված եռօրյա համատեղ նիստը, որը ENFSI-ի բարձրագույն մարմնի՝ Խորհրդի որոշմամբ առաջին անգամ իրականացվել է Հայաստանում։

Կազմակերպությունը հաշվետու ժամանակահատվածում հանդիսացել է երկու միջազգային գիտաժողովի համակազմակերպիչ, որոնցից մեկն անցկացվել է Մոլդովայի Հանրապետություն Քիշնև քաղաքում, մյուսը՝ Ռուսաստանի Դաշնության Սամարղանդ քաղաքում:

2025 թվականին Կազմակերպության փորձագետները մասնակցել են  19 ներպետական և միջազգային գիտաժողովներին, սեմինարներին, գործնական դասընթացներին, գիտագործնական կլոր սեղաններին և այլ միջոցառումներին:

2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Կազմակերպությունում «Փորձագետի որակավորման հավակնորդի վերապատրաստման և/կամ կատարելագործման դասընթացի իրականացման» կարգով կատարվել է նախատեսված գործընթացի կազմակերպման գիտամեթոդական ապահովումը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ համակարգում դատական փորձագետի որակավորում են ստացել և վերաորակավորվել են 24 հավակնորդ:

Հաշվետու ժամանակահատվածում գիտաուսումնական աշխատանքների շրջանակներում իրականացվել է փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների 68 աշխատողների ուսուցում և վերապատրաստում:

2025 թվականին վերսկսվել է Կազմակերպության փորձագետների մասնակցությունը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (CEPOL) փորձի փոխանակման ծրագրին:

2025 թվականին Կազմակերպության աշխատողների կողմից հրատարակվել են 49 գիտական աշխատանքների արդյունքներ հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում, պարբերականներում և ժողովածուներում, որից երեք հոդված հրատարակվել է Scopus գիտատեղեկատվական շտեմարանում ներառված պարբերականներում:

Հաշվետու ժամանակահատվածում Կազմակերպության կողմից իրականացվել են 28 պրոֆիլային թեմաներով գիտամեթոդաբանական և գիտահետազոտական բնույթի աշխատանքներ:

Գիտագործնական աշխատանքների շրջանակներում Կազմակերպության աշխատակիցներն ընթացիկ տարում անցկացրել են 91 վերլուծական բնույթի սեմինարներ՝ ընդգրկելով ինչպես Կազմակերպությունում գործող բոլոր փորձագիտական ուղղությունները, այնպես էլ ոլորտներ՝ ուղղված միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրմանը և արդյունքների հնարավոր ներդրմանը և կիրառմանը Հայաստանի Հանրապետությունում:

Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի և առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների քրեաբանական գործոնների հետազոտություն: Կենտրոնի կողմից կատարված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հրատարակվել են 11 գիտական հոդված և 1 մենագրություն:

Հայաստանի դատափորձագիտական ոլորտի միակ՝ «Դատական փորձաքննության և քրեագիտության հայկական հանդես» վերտառությամբ գիտական պարբերականում անցնող տարում  հրատարակվել են պարբերականի 13-րդ և 14-րդ համարները, որտեղ ներառվել են 32 հոդվածներ։

 

Նմանատիպ նյութեր