211652_close_icon

Տիգրան Ավինյանի հանձնարարականն արդյունք տվեց. 10 օր բնակիչներին անհարմարություններ պատճառող «Վեոլիա ջուրը» ժամերի ընթացքում խմելու ջրի վթարված խողովակները նորով փոխարինելու գործն ավարտին հասցրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

views-count1816 դիտում article-date 17:56 22-12-2025
Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, SHAMSHYAN.comֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Ավան վարչական շրջանի Խուդյակով 3-րդ նրբանցքում ըստ բնակիչների՝ 10 օրից ավելի տիրող անհարմարությունների մասին։ Ըստ բնակիչների՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը հոնքը սարքելու փոխարեն աչքը հանել էր ու փտած ջրախողովակները նորով փոխարինելու գործընթացը ավարտին չէր հասցրել, ինչի պատճառով էլ մի քանի տներ մի քանի օր զրկված են եղել խմելու ջրից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հրապարակումից կարճ ժամանակ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով նշված վայր է ժամանում Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, ով տեղում ծանոթանալով խնդրին ու զրուցելով բնակիչների հետ հեռախոսազրույց է ունենում «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուների հետ, ինչը դրական արդյունք է տալիս։

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, վաղ առավոտից «Վեոլիա ջուր» ընկերության մասնագետները մի քանի ժամ շարունակ նշված վայրում անհրաժեշտ աշխատանքները կատարելու արդյունքում խնդիրը կարծես թե վերացրել են։ Դարն ապրած ու փտած խմելու ջրի խողովակների մի մասը փոխարինվել է նորով, որից հետո կատարվել են փոսալցման աշխատանքներ, իսկ առաջիկայում եղանակի տաքանալու պես նշված հատվածում կատարվելու են ասֆալտապատման աշխատանքներ ու վթարված ու փտած մի քանի ջրախողովակներ նույնպես փոխվելու են։

Հիմա արդեն բնակիչներն ազատ կարող են ելումուտ անել փողոցով։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. 

«10 օրվա գործը մի օրում արեցին։ Ու դա առաջին հերթին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետևողական աշխատանքի շնորհիվ։ Իրավիճակի մասին քաղաքապետը տեղեկանում է, ինչից հետո նրա հանձնարարականով մեր մոտ եկավ մեր թաղապետը, ով տեղում հեռախոսով կապ հաստատեց  «Վեոլիա ջրի» պատասխանատուների հետ, ու այսօր առավոտյան արդեն «Վեոլիա»-ի մասնագետները թափով աշխատանքները առաջ տարան։ Ճիշտ է, մի 10 օր անհարմարություն էր, մի քանի օր էլ որոշ տներ խմելու ջուր չհասավ, բայց էն որ ասում են՝ լավ է ուշ, քան երբեք, էլի գոհ ենք թե՛ Երևանի քաղաքապետարանից, թե՛ Ավանի թաղապետարանից և թե՛ «Վեոլիա ջրից», ովքեր գոնե Ամանորին ընդառաջ էս խնդիրը լուծեցին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր էր ստանում Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում «Վեոլիա ջուր» ընկերության հասցեին, ասելով, որ գնացել էին Խուդյակով 3-րդ նրբանցքում իբրև թե դարն ապրած խմելու ջրի խողովակները նորով փոխարինելու, սակայն հոնքը սարքելու փոխարեն աչքը հանել, գործն էլ կիսատ էին թողել ու գնացել։

Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Դեկտեմբերի 12-ին, «Վեոլիա ջրից» եկան, քանդեցին 3-րդ նրբանցքի մոտ 80 մետր երկարությամբ ճանապարհահատված, պատճառաբանելով, որ նախ փոխելու են հին փտած խողովակները, ինչի արդյունքում կանխվելու է ջրի կորուստը։ Կոշը գցին, ջրի խողովակների հերը անիծեցին, ինչի պատճառով մոտ 15 տուն մի քանի օր շարունակ խմելու ջրից զրկվեց։

Երկու օր առաջ եկան պլաստամասե խողովակներով ջրագիծ անցկացրեցին, որը ժամանակավորապես վերականգնվեց, սակայն ոչ որակյալ աշխատանքի պատճառով ջրի արտահոսքերը չեն դադարում։ Էլ չենք ասում, որ 10-ից ավելի տուն էլ կարծես բանտարկված լինի, չեն կարողանում ոչ միայն ավտոմեքենաներով, այլ ոտքով ներս ու դուրս անեն։

Ամբողջ նրբանցքը դարձել է անանցանելի։ Դիմել ենք էլ՛ «Վեոլիա ջուր», էլ՛ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Հույսներս կորցրել ենք թե՛ Ավանի թաղապետից, թե՛ «Վեոլիա ջրից»։ Դրա համար ուզում ենք գործին խառնվի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ գոնե պարտավորեցնի «Վեոլիա ջրի» ու թաղապետարանի չինովնիկներին սթափվեն ու գործը հասցնեն ավարտին՝ իհարկե ապահովելով որակ»։

Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր