211652_close_icon

Անձնական ազատությունից զրկելն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման անընդունելի լծակ. Ռոբերտ Ամստերդամ

views-count883 դիտում article-date 10:06 19-11-2025
«Այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»։ Երեկ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»»,-սոցիալական ցանցի իր էջերում գրել է Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Նա հիշեցնում է՝ դատարանը պաշտոնապես հաստատեց այդ կանխորոշված դատավճիռը՝ երկարաձգելով կալանքը ևս երկու ամսով։

«Սա, աներկբա, ապացույց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից։ Այն վերածվել է քաղաքական ցուցումների կատարման գործիքի։ Մարդ, ով ժամանել էր իր հոր քառասունքին և արդեն հինգ ամիս անազատության մեջ է՝ առանց որևէ հիմնավոր ապացույցի, պետք է ևս երկու ամիս զրկված մնա ազատությունից։

Այս դաժանությունը դուրս է իրավական, բարոյական և հումանիտար բոլոր կանոններից։

Անձնական ազատությունից զրկելն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման անընդունելի լծակ։

Այսպիսի անձնական ահաբեկչությունը նույն օրերին զուգորդվել է նաև տնտեսական գրոհով։ ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիան դադարեցնելու որոշումը ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՌՆԱԶԱՎԹՈՒՄ է։ Այս ռեյդն իրականացվում է չնայած Ստոկհոլմի Արբիտրաժային Ինստիտուտի միջանկյալ որոշմանը, որն ուղղակիորեն արգելում էր լիցենզիայի չեղարկումը։

Արբիտրաժի որոշումն անտեսելը ցույց է տալիս միջազգային իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունների լիակատար անհարգալից վերաբերմունքը։

Զուգահեռ և համակարգված նման գործողությունները ընդհանրապես կապ չունեն իրավական գործընթացների հետ։

Ահաբեկչություն են և իրականացվում են ճղճիմ քաղաքական և անձնական շահեր սպասարկելու համար։

Սամվել Կարապետյանի ներդրումային և անձնական իրավունքները պաշտպանելու համար մենք օգտագործելու ենք միջազգային իրավունքի բոլոր հնարավոր գործիքները։

Մեր թիմը վճռական է՝ կանգնելու ՀՀ իշխանությունների անօրինականությունների դեմ»,-գրում է փաստաբանը։

Նմանատիպ նյութեր