211652_close_icon

Նոյեմբերի 13-ը Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է․ Ամենավտանգավորը նրանք չեն, այլ գյադաների ժամանակներում առնվազն 3 ձեռք կաստյում-շալվար ու պուտերով գալուստուկ հետ գցած էն տիպը․ Վարդ Սիմոնյան

views-count1156 դիտում article-date 09:34 13-11-2025
Ինչպես տեղեկանում ենք լրագրող, կինովավերագրող, PR տեխնոլոգ, «Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի» շարժման նախաձեռնող Վարդ Սիմոնյանի ֆեյսբուքի էջից՝ նոյեմբերի 13-ը  Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: 

Բա որ քամին փչի ու Վանոյի ստորագրահավաքի թուղթը քշի-տանի, բա որ Արամ  Կարապետյանը թարսի պես հենց էդ օրը որոշի Փարաքարը փակել, բա որ Վանոն…  հազար պատճառ ունես էս գործին անուն-ազգանունդ չբաշխելու: 

Շատ որոշակի մի  խումբ էլ ասում ա. ճիշտ է, ես նրան շատ եմ սիրում, բայց թող Վանոն ներող  լինի՝ ստորագրողը չեմ, որովհետեւ «նախաձեռնողն էն չի». էս կողմում աշխատում  է հայկական ավանդական ինադի ինստիտուտը, որի դեմ հայերի եւ ոչ մի սերունդ  եւ ոչ մի բարոյական հաղթանակի նմուշ չունի: 

Վանոյախույսների մի խումբ էլ  դոպինգի տակ է. պետական քարոզչամեքենայի արտանետած դոզան սրանց տարել ա.  սրանք էլ Սիրադեղյան ասելիս դողէրոցքի մեջ են ընկնում ու տեղում թավալվում  չկայացած պետականության ոտքերի տակ. բա չես ասի, էդ Վանոյի պատճառով ա  հենց, որ մեր էնքան անկախ, էնքան պետությունը կուռկուռի ձագ է դառել, ու  բոլորը հիմա փախչում են նրանից՝ որպես բորոտից. լավ ա չեք ասում՝ Հայաստանի  դեմոգրաֆիական վիճակը կախված էր մեկ տղամարդուց՝ Վանո Սիրադեղյանից, ով էլ  նամարդավարի լքեց ձեզ գիշերվա կեսին: Էս դեռ հեչ՝  կուտ ա, տրվել է,  կերվել է. էս տիպին հեշտ է դարձի բերելը, բավական է սրսկումների նոր կուրս  նշանակելը՝ «կդզվեն»: 

 Ամենավտանգավորը նրանք չեն, այլ գյադաների ժամանակներում առնվազն 3 ձեռք  կաստյում-շալվար ու պուտերով գալուստուկ հետ գցած էն տիպը, ով, ինտելիգենտի  պրոբը վրան խփած, ֆռֆռում է շատ որոշակի սրճարաններում ու իր «աբլավն»  անում:

 Սա, որ հանկարծ պլեբս չընկալվի, խոսում է զուտ քաղաքագիտական  ժարգոնով եւ բացառապես վանոյահեն դիրքերից. քսիֆն էլ էն ա, թե Վանոյին  հատուկ երրորդն ա բերում, որ քսի տա երկրորդի վրա, այսինքն Սերժը՝  Ռոբին,-հատուկ բացատրում է քաղաքագիտությունից չհասկացողների համար: Էստեղ  սրա ունկնդիրը մի լավ շաղվում ա, ու սրան մնում ա սահուն անցնել լապշան  ականջին կախելուն. ուրեմն թող չգա, հենց եկավ, քավության նոխազ են  սարքելու, մանավանդ որ քրեական գործն էլ կարված ա վրան:  Էս օրերին ես գործ եմ ունենում էս գալուստիկավորների զոհերի, դրանցից  բերված ցիտատների հետ: Բնօրինակն ինձ երբեք չի բարեւում, չի դեբատահարում,  իր կարճ խելքով՝ անասնագողություն է իբր անում: 

Ինչ մեղքս թաքցնեմ, ես  վախենում եմ հենց էս սորտից. էս սորտը պարազիտացել է բոլոր  իշխանությունների կրճոնքի վրա (Վանոյի իշխանությունը ներառյալ). ես Վանոյին  սրբացնողը չեմ, մանավանդ որ դա ամենակարճ ճանապարհն է ցանկացած մեկից  ազատվելու համար:  Չգիտեմ էլ ինչու էսքան գրեցի ձեր մասին, էս տեղում կարելի էր մեր  ստորագրահավաքի ցանկացած մասնակցի անունը գրել, եւ դա ավելի խոսուն կլիներ,  ու վերջում քեզ հարցնել. լսիր, դու հո Սամվել Մկրտչյանի խելքն ու շնորհքը  չունե՞ս, դու ինչ ա, Արմեն Շեկոյանից կամ  Լևոն  Խեչոյանից լավ տղա ե՞ս, գեղանկարիչ Հակոբ  Հակոբյանից արդար մարդ ե՞ս, թե՞ դիվանագիտական պոտենցիադ տվել-անցել ա Ալիկ  Արզումանյանին, էս մարդիկ են ձեռքները դրել էս ցուցակի գլխին, գրողների էն  ջահել սերունդը, ում համար Վանոն ոչ միայն գրական մեծ անուն է, այլեւ հայ  ժամանակակից գրականության պապա. մեր Արամ Պաչյանը, մեր Հասմիկ Սիմոնյանը,  մեր Հուսիկ Արան…

մնացածը, էլ չեմ խոսում մեր խիզախ լրագրողական ու  խմբագրական դասի մասին, ովքեր ստորագրահավաքի հենց առաջին օրն իրենց  ճանաչված անուններով լցրին ցուցակի 50 տեղերը: 
 Ուրախությունից սիրտս ճաքում ա, ու օրը հազար անգամ  գրում-կարդում-արտասանում եմ էս ոսկե ցուցակը, մարդ առ մարդ: Էս անուններն  ինձ ասում են, որ Հայաստանում խիղճը չի պարտվի, երբեք: Դու էլ օրը մի քանի  անգամ կարդա էս ցուցակը, օգնում ա: Եվ խնդրում եմ քեզ՝ էլ հայրենասիրական  ճառեր ինձ չուղարկես:  

Հայաստանում ամենահայրենասիրական ճառն արդեն հնչել ա հայոց պառլամենտում,  այն արտասանել ա Նաիրի Հունանյանը եւ անցել գործի: Հերիք ա, էլ ոչ ներվեր  կա, ոչ էլ առանձնապես սիրելի երկիր, ազնիվ ասած՝ Վանոյին կանչում ենք՝  որպես էն որդու, որ գալիս-հասնում ա իրա հարազատ մահամերձին, որովհետեւ էս  ծանր մեռելը մեր քաշով չի, մենք չենք կարող նրա սիրելի մեռելին երկինք  բարձրացնել. թող գա ծնկներին խփի ու պատասխան ուզի բոլոր նրանցից, ով  ավերակ ա սարքել նրա հոր տունը: Հիմա հասկացա՞ր ինչու ենք Վանոյին տուն  կանչում: Կանչում ենք, որ գա, իրա մեռելի գլխին լինի, իրա սիրելի  մեռելի: Մյուս անգամ, որ մտքովդ անցնի նամակ գրել, էլ չուղարկես ինձ,  հասցեն ասեմ՝ էնտեղ տար. քաղաք Երեւան, Բաղրամյան 26:

  ՎԱՐԴ ՍԻՄՈՆՅԱՆ «Ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի» շարժման նախաձեռնող
2012թ.

Նմանատիպ նյութեր