211652_close_icon

Ակնկալում ենք՝ բոլոր նախագահները կմասնակցեն. Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ում կայանալիք Եվրոպական գագաթնաժողովին Ալիևի մասնակցության մասին

views-count499 դիտում article-date 14:25 31-10-2025
Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, թե Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու Հայաստանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի  8-րդ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է Լուրերը:

«Մենք ակնկալում ենք բոլոր նախագահների մասնակցությունը: Դուք առանձնացնում եք Ադրբեջանի, Թուրքիայի՝ մեր անմիջական հարևանների մասնակցությունը: Կարծում եմ, որ նաև տեղին չէ առանձնացնել մեր հարևանների մասով, որովհետև նրանք մեր հարևաններն են. ով-ով մասնակցի, մեր հարևանները պետք է մասնակցեն: Մենք ակնկալում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք մասնակցել են մշտապես, հնարավորություն կգտնեն ՀՀ այցելել այդ կարևորագույն միջոցառման ժամանակ: Չեմ կարծում, որ պետք է տեսնել այդտեղ այլ տրամաբանություն, որովհետև ակնհայտ է, որ նման բան լինելու պարագայում Ադրբեջանի նախագահը կա՛մ կասեր, կա՛մ պաշտոնական որևիցե բան կլիներ»,- ասաց նա:

Անդրադառնալով առհասարակ Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների փոխայցելությունների թեմային՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Պատրա՛ստ եղեք, հարգելի՛ լրագրողներ, հարգելի՛ ժողովուրդ, ադրբեջանական պատվիրակությունները այցելելու են Հայաստան, հայկական պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան:

Իհարկե կան հարցեր, որոնք պետք է քննարկվեն, մասնավորապես՝ մեր գերիների, պահվող անձանց մասին հարցը, որը մեծագույն պրոբլեմ է, բայց, այնուամենայնիվ, շփումները շարունակվելու են, և մենք այդ շփումները խորացնելու ենք: Երբ ասում եմ՝ մենք, ես նկատի ունեմ, որ դա նաև, իմ ընկալմամբ, վերջին շփումների հետևանքով իմ ընկալումն է, որ ադրբեջանական կողմը նույն գծի վրա է»:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այցին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ այնուամենայնիվ չի համարում, որ սա վերջնական պատասխան է. «Մենք ակնկալում ենք, որ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի նախագահները միջազգային մեծ կոնֆերանսին, որտեղ մասնակցելու են բազմաթիվ երկրների ղեկավարներ, ներկա կլինեն: Մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք ամեն ինչ, որպեսզի իրենց համար այստեղ հանգիստ լինի»:

Դիտարկմանը, թե հնարավոր է Հայաստան չգալու տեղեկությունը կապված է անվտանգության խնդրի հետ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ նման հարց պետք է լինի, մեր պաշտոնյաները նույնպես այցելել են Ադրբեջան, և էլի պաշտոնյաներ կան, որոնք Հայաստան են այցելել: Վերջերս պատգամավորներ եկան ՀՀ: Այնուամենայնիվ, այդ սառույցը պետք է կոտրել, այդ սառույցը կոտրվում է, և միջպառլամենտական մակարդակով մենք հանձնառու ենք այդ խնդիրը շատ ավելի արագ լուծել»:

Նմանատիպ նյութեր