211652_close_icon

Ադրբեջանը ոչ պաշտոնապես ասում է՝ խաղաղության հաստատման մասին խոսակցությունը կեղծ է, թատրոն. Հակոբ Բադալյան

views-count802 դիտում article-date 22:49 30-10-2025
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Բաքվի Caliber.az-ի տարածած տեղեկությունը, թե Ալիեւը չունի գալիք տարի մայիսին Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին մասնակցելու մտադրություն, անկասկած հենց պաշտոնական Բաքվի հաղորդագրությունն է, որքան էլ հղումը «կառավարության անանուն աղբյուրին» է:

Ընդ որում, ավելի ուշագրավ է այն, թե ինչպես է բացատրվում այդ մտադրության բացակայությունը: «Երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս դիտարկել նախագահ Ալիևի այցը Երևան որպես նպատակահարմար քայլ։ Ադրբեջանը ղեկավարվում է կատարված գործողությունների սկզբունքով։ Բարձր մակարդակով այցը՝ առանց ստորագրված խաղաղության պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների, կարող էր ստեղծել գործընթացի ավարտված լինելու կեղծ տպավորություն։ Քանի դեռ իրավական հիմքը ձևակերպված չէ և պարտավորությունների իրականացումը չի սկսվել, նման քայլերը կլինեին վաղաժամ»:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ խաղաղությունն արդեն եկել է, բայց Ալիեւը՝ չի գալիս Երեւան, ասելով, որ խաղաղությունը չի եկել եւ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման այցը կստեղծի «գործընթացի ավարտված լինելու կեղծ տպավորություն»:

Սա այլ բան չէ, քան Ադրբեջանից ոչ պաշտոնական ձեւաչափով հնչող պաշտոնական խոսք, որ խաղաղության հաստատման մասին անդադար շրջանառվող խոսակցությունը կեղծ է, թատրոն:

Ինչու՞ Ադրբեջանը դա չի ասում պաշտոնապես: Որովհետեւ, պաշտոնապես ասելով, նախ՝ կհարվածեն Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչական «ճարտարապետությանը», որի հիմնասյունը «խաղաղությունն» է, եւ կհարվածի նաեւ Դոնալդ Թրամպին, որը «կալկուլյատորով» հաշվում է իր հաստատած «խաղաղություններն» ու բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով այդ թվում հիշատակում հայ-ադրբեջանականը:

Քանի դեռ այդ իրավիճակն է, Իլհամ Ալիեւն իհարկե պաշտոնապես չի ասի, որ խաղաղություն հաստատված չէ, բայց ոչ պաշտոնապես նա փաստորեն բաց է թողնում ինֆորմացիա, որը «կեղծ տպավորության» մասին է:

Ամենից էականը հենց դա է, թե ինչու՞ է նաեւ բաց թողնում այդ «մեսիջը», եւ ինչու՞ հիմա:

Եթե չափենք իրավիճակը հայ-ադրբեջանական «սանդղակով», ապա Բաքվից «մեսիջը» զուգորդվում է Նիկոլ Փաշինյանի Փարիզ կատարած այցին, որտեղ նա մասնակցել է խաղաղության ֆորումին, ունեցել մի շարք երկկողմ շփումներ, հանդիպում Ֆրանսիայի նախագահի հետ, եւ գուցե նաեւ ոչ հրապարակային այլ շփումներ:

Իլհամ Ալիեւի մեսիջը միտված է Նիկոլ Փաշինյանի «փարիզյա՞ն օրակարգին», հատկապես, որ Բաքվից հնչած խոսքը Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովին չմասնակցելու մասին է, թե՞ կարող ենք «փորել» ավելի խորը եւ մտածել, որ Բաքվի մեսիջը պայմանավորված է Թրամպ-Սի Ցզինպին հանդիպումով, որը կարծես թե ուկրաինական պատերազմի շարունակության մասին է, հատկապես այդ ֆոնին ՌԴ նախագահ Պուտինի՝ ԱՄՆ հետ երկխոսության հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիեւի խոսքերի պարագայում, որ նա բարձրաձայնել էր նախօրեին, դե ֆակտո այն մասին, որ ուկրաինական պատերազմը թերեւս կշարունակվի գրեթե մեկ տարի էլ:

 

Նմանատիպ նյութեր