211652_close_icon

Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնել Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործընթացի առնչությամբ

views-count877 դիտում article-date 20:09 27-10-2025
ԳԵՐՄԱՆԱՀԱՅՈՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը ուշադրությամբ է հետևում Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և դրա ներկայացուցիչներին։

Մենք նշում ենք մեր անհանգստությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործընթացների և իրավապահ մարմինների կողմից իրականացված քննչական գործողությունների առնչությամբ։ Մենք հույս ենք հայտնում, որ այս գործընթացները կիրականացվեն օրենքի և արդարադատության սկզբունքներին համապատասխան, թափանցիկ և անկողմնակալ ձևով։

Նաև արձանագրում ենք Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալությունն ու կալանավորումը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր անձի՝ ներառյալ հոգևորականների, նկատմամբ կիրառվող իրավական միջոցները պետք է հիմնված լինեն հստակ և համարժեք ապացույցների վրա՝ պահպանելով բոլոր իրավական երաշխիքները։

Մենք գիտակցում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր դերը հայ ժողովրդի պատմության, մշակույթի և ինքնության պահպանման գործում։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։

Մենք կարևորում ենք, որ ցանկացած իրավական գործընթաց իրականացվի այնպես, որ չվնասի հասարակական միասնությանը և պահպանի վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստանի իշխանությունները կապահովեն արդար, անկախ և թափանցիկ դատավարություն, որը կհարգի բոլոր կողմերի իրավունքները և կնպաստի հասարակական համերաշխությանը։

Մենք շարունակելու ենք հետևել իրադարձություններին և մնում ենք հավատարիմ արդարության, օրինականության և ազգային միասնության արժեքներին։

 

Նմանատիպ նյութեր