211652_close_icon

Եթե իշխանությունը ժողովրդին չպատկանի, ապա պատկանելու է մի հատ 3-րդ երկրի հատուկ ծառայության. Փաշինյան

views-count763 դիտում article-date 18:30 22-10-2025
ՀՀ–ում դատական իշխանության վրա շատ մեծ ազդեցություն ունեն այն մարդիկ, որոնք մեզ մեղադրում են շատ բաների մեջ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա մեզ կասեն՝ բա 7 տարի ինչո՞վ էինք զբաղված, բայց դատական իշխանության խնդիրները իրականում շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք։ Եկեք, գնանք ու տեսնենք, թե ժողովուրդն ինչ է ասում դատական համակարգի մասին։

Մենք նոր Սահմանադրության մեջ պետք է անդրադառնանք այս խնդրին։ Մենք ասում ենք՝ դատական համակարգի անկախություն, իսկ ի՞նչ նկատի ունենք դա ասելով։ Ումրի՞ց անկախ, որովհետեւ Հայաստանում բոլոր իշխանությունների համար մեկ աղբյուր կա, դա ժողովուրդն է։ Ես այսօր տեսնում եմ համակարգային պրոբլեմ, որ մեր դատական իշխանությունը օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Սա լրջագույն պրոբլեմներ է ստեղծում։ Ինչպես պետք է լուծել այդ օրգանական կապի խնդիրը։ Ես դրա մասին խոսել եմ, խոսքը երդվյալ ատենակալների ինստիտուտ ներդնելու մասին է, էլի ուրիշ գաղափարներ կան, որը նոր Սահմանադրության համատեքստում պետք է քննարկենք և լուծումներ գտնենք»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով, այն դատական համակարգը, որի մասին մենք երազում ենք, ենթադրում է հանրային լուրջ ներդրումներ այդ համակարգում. «Որովհետև չի կարող լինել մեր հանրային ընկալումներին համապատասխան դատական համակարգ, եթե դատական համակարգը համապատասխան չափով չի ֆինանսավորվում։

Ընդհանրապես մեր պետական համակարգում, մեր երկրում շատ պրոբլեմներ կան։ Ընկալում կա, որ իշխանությունը մի երևույթ է, որը պիտի բացատրի, որ ամեն ինչ փայլուն է, ամեն ինչ իդեալական է, ընդդիմությունը մի երևույթ է, որ պետք է հիմնավորի հակառակը։ Ես այդ ընկալմանը համաձայն չեմ, որովհետև ոչ ոք մեր չափ երկրի պրոբլեմներին չի տիրապետում։ Մենք տիրապետում ենք պրոբլեմներին, մենք հասկանում ենք պրոբլեմները, մենք գիտենք նաև լուծումները, այլ բան, որ այդ լուծումները երբեմն չեն կարող ի բնե լինել արագ։ Մասնավորապես երդվյալ ատելակալների ինստիտուտի ներդրումը առանց նոր Սահմանադրության պարզապես հնարավոր չէ։ Եվ էլի ուրիշ ընթացակարգեր և կանոնակարգեր»,– հայտարարեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր