211652_close_icon

«Քաղաքական որոշ ուժեր այնքան անբարոյական են, որ տարբեր մարդկանց անուններ են տալիս, այդ թվում երջանկահիշատակ Վոլոդյա Գրիգորյանի անունը». Արգիշտի Մեխակյան․Aravot.am

views-count742 դիտում article-date 21:49 07-10-2025
ՔՊ վարչության նիստի օրակարգում ընտրական ցուցակի հաստատման հարցն է. Վաղարշապատ համայնքում հայտնի հարգված մարդիկ են ցուցակում, ովքեր պատրաստակամություն են հայտնել քաղաքի կառավարման մեջ իրենց ներգրավվածությունն ունենալու, այսօր՝ ՔՊ վարչության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետի Ժ/Պ Արգիշտի Մեխակյանը։

Լրագրողի հարցին՝ դուք ե՞ւս ապավինելու եք այլ ուժերի օգնությանը Երեւանի օրինակով, երբ կոալիցիա կազմեց այլ ուժի հետ, որ կարողանա քաղաքային իշխանությունը վերցնել, ի պատասխան Մեխակյանն ասաց. «ՔՊ–ն ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի Վաղարշապատի ընտրությունների հետ կապված, մենք գնում ենք  բացարձակ հաղթանակի, այլ տարբերակ չենք դիտարկում։

Մեր ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է նախընտրական քարոզարշավի, ծրագիրը ներկայացնելու վրա»:

Լրագրողի դիտարկմանը, թե Փարաքարում էլ էին ՔՊ ներկայացուցիչները բացարձակ հաղթանակի ակնկալիքով, բայց ընդդիմության թեկնածուն հաղթեց, պարոն Մեխակյանը շարունակեց.

«Ես կարող եմ Վաղարշապատի համար  ասել, ընդհանրապես ընտրություններում ոչ մեկ չի կարող ելք երաշխավորել, բոլոր ուժերն էլ, եթե մասնակցելու հայտ են ներկայացրել, հետեւաբար վստահություն ունեն իրենց վրա, որ 50 պլյուս են հավաքելու ու չեն ապավինելու այլ ուժի: Մենք գնում ենք վստահ հաղթանակի»:

Անդրադառնալով Փարաքարի սպանված համայնքապետի հուղարկավորության հաջորդ օրը Մեխակյանի եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ  Էջմիածնում տեղի ունեցած հավաքին՝ ՏԿԵ նախարարի գլխավորությամբ ու գործարարների մասնակցությամբ, պարոն Մեխակյանը պատասխանեց հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն գործարարներից, ինչով են ընտրություններում  նրանք օգնելու։

«Ինչպես միշտ քաղաքական որոշ ուժեր այնքան անբարոյական են, որ տարբեր մարդկանց անուններ են տալիս, այդ թվում երջանկահիշատակ Վոլոդյա Գրիգորյանի անունը՝ փորձելով շահարկել ու դրանք Վաղարշապատի առաջիկա ընտրությունների հետ կապել: Բերել դա կապել Գրիգորյանի հետ, չեմ հասկանում էդ խոսույթի իմաստը:

Դա աշխատանքային հանդիպում է  ու ընդհանրապես կապ չունի այլ  համայնքի ու այլ անձի հետ: Պատվերով իջեցված որեւէ գործընթաց է, որի արդյունքում անընդհատ թիրախավորվում եմ ես, բայց ես ունեմ մեր բնակիչների հետ շուրջօրյա կապ ու նույնիսկ այդ հակաքարոզները դրական արդյունք են տալիս»:  

Նմանատիպ նյութեր