211652_close_icon
views-count3046 դիտում article-date 23:31 14-05-2026

Պարզվել է երեկ Երևանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած «Howo» մակնիշի բեռնատարի վարորդի և մյուս ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ավագ քննիչ Հայկ Ասրյանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ մայիսի 13-ին, Երևանի Դավիթ Բեկ փողոցում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած բեռնատարի վարորդի ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Էմին Ս․-ն է։

Քննչական բաժնում պարզվել է նաև, որ նրա բեռնատարը բախվել է Էրիկ Ստեփանյանին պատկանող «Jeep Cherokee» մակնիշի և Արկադի Ոսկանյանին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա՝ Արտակ Դանիելյանին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, և մոտ 1 կմ առաջ ընթանալով՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել Դավիթ Բեկ փողոցի թիվ 45 հասցեի տան բակ, բախվել բետոնե շինության և այլ էլեմենտների։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք Էմին Ս․-ն մեքենա վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, թե ոչ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:40-ի սահմաններում «Howo» մակնիշի բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել բնակչի տան մեջ։

Վթարի հետևանքով վարորդը, ով արգելափակվել էր ավտոմեքենայում, տեղում մահացել էր։

Նրա մարմինը դուրս բերելու համար դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկ Սոնա Երիցյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Մուրադյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հայկ Ասրյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին ավտոմեքենայի և վնասված տան սեփականատերերի, ինչպես նաև մահացած վարորդի ինքնությունը։

Պարեկները պարզել էին, որ մինչև նշված տան մեջ մխրճվելը, «Howo» բեռնատարը այս վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա բախվել էր «Jeep» և «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, «Kia»-ն էլ բախվել էր մեկ այլ ավտոմեքենայի, ու «Howo» բեռնատարը այդ վիճակով առաջ էր ընթացել ու մխրճվել բնակչի տան մեջ։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր