211652_close_icon

Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են սնանկությանն առնչվող օրենսդրական բարեփոխումները

views-count547 դիտում article-date 20:05 24-09-2025
Սնանկությանն առնչվող օրենսդրության բարեփոխումների համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ Եվգենյա Սիրակուզային և ԱՄՀ ներկայացուցիչ Վահրամ Ջանվելյանի հետ:

Նա բարձր է գնահատել արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը սնանկության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ ոլորտի օրենսդրության, այդ թվում սնանկության նոր օրենսգրքի մշակման լայնածավալ աշխատանքներին։
Էդգար Հովհաննիսյանը շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն ի սկզբանե ներգրավված է եղել այդ գործընթացում, կազմակերպվել են հանդիպում- քննարկումներ դատավորների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, փորձագետների հետ։
Ստեղծվել է նաև օրենսգրքի մշակման հատուկ հարթակ իրավիճակի՝ վերլուծության, խնդիրների քննարկման ու լուծման նպատակով։

Բարձրագույն դատական խորհրդի անդամը ներկայացրել է սնանկության դատարանի գործունեությանն ու առանձնահատկություններին վերաբերող տվյալներ։

Էդգար Հովհաննիսյանը խոսել է նաև դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղիների՝ մասնավորապես Սնանկության դատարանը նոր դատավորներով համալրելու անհրաժեշտության և այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին։

Հանդիպմանը քննարկվել են էլեկտրոնային արդարադատության համակարգին առնչվող հարցեր։
Էդգար Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է, որ սնանկության էլեկտրոնային մոդուլն արդեն ավարտական փուլում է և նախատեսվում է ներդնել տարեվերջին։

Կողմերը խոսել են սնանկության ոլորտին առնչվող միջազգային փորձի հաջող տեղայնացումից։
Քննարկմանն անդրադարձ է եղել նաև դատական համակարգի ամբողջական թվայնացման գործընթացին և այդ ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր