211652_close_icon
views-count1247 դիտում article-date 21:03 30-04-2019

Բարձրագույն դատական խորհրդում ամփոփվել է Հայաստանում «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացումը և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրումը» ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանի, Արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ տեղի ունեցավ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացումը և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրումը ՀՀ-ում» ծրագրի ավարտական փուլը։ Այն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի հետ սերտ համագործակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ, իրավաբաններ և օտարերկրյա հյուրեր։ Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվության առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր ելույթում կարևորեց դատական գործերի փաստաթղթերի թվայնացման և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրման անհրաժեշտությունը ոչ միայն արդյունավետ արդարադատության իրականացման ու դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման տեսանկյունից, այլև սուբյեկտիվ գործոնի ազդեցության կրճատման և արդարադատության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման առումով: Առանձնահատուկ շեշտվեց համակարգային մոտեցման անհրաժեշտությունն այս հարցում՝ գտնելով, որ հատվածական լուծումները ցանկալի արդյունք չեն կարող երաշխավորել: Ներկայացվեցին նաև Բարձրագույն դատական խորհրդի ռազմավարական առաջնահերթություններն էլեկտրոնային արդարադատության ներդրման և միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման առնչությամբ: Կարևորվեց նաև համակարգի ներդրման հստակ ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությունը։ Արդարադատության նախարարն իր հերթին նկատեց, որ աշխարհը գնում է թվայնացման և ինովացիայի ճանապարհով։ Էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմումների ներկայացման, մեկ ատյանից մյուսին գործերի փոխանցման, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառությանը ծանոթացման համար: Նա շեշտեց, որ հետևողական է լինելու այս համակարգի ներդրման և զարգացման գործում։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ելույթում նշեց՝ ուրախ է, որ USAID-ի և ԱՄՆ կառավարության աջակցությամբ կարողացան աջակցել ծրագրի իրականացմանը։ Նրա խոսքով՝ թվայնացումը հավատ, վստահություն կապահովի դատական իշխանության նկատմամբ։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հ․ Հովհաննիսյանը տեսահոլովակի ցուցադրությամբ ներկայացրեց ծրագրի արդյունքները, ինչպես նաև էլ-արդարադատության համակարգի ծրագրային ապահովման ներդրման և շահագործման քայլերը՝ նշելով, որ հիմնական գաղափարն է ստեղծել հարմարավետ հարթակ դատական համակարգից օգտվողների՝ դատավորների, փաստաբանների, քաղաքացիների և այլոց համար։ Ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու պրակտիկ գործիքների կիրառմամբ վճարման կարգադրությունների մասով էլեկտրոնային համակարգի փորձնական տարբերակի ողջ տեխնիկական հնարավորությունները, որոնք կնպաստեն փաստաթղթաշրջանառության ծախսատարության կրճատմանը։ ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Տ․ Դավթյանն էլ նկատեց, որ թեև այսօր այստեղ են ծրագրի պաշտոնական փակման արարողության և արդյունքների հանրայնացման համար, բայց սա նոր սկիզբ է էլեկտրոնային արդարադատության համակարգի հետագա զարգացման համար։ Այս փուլում նախատեսվում է նաև հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր վարույթներով: Այս կերպ հնարավոր կլինի ապահովել սահուն անցումը գործող համակարգից նորին: [b] Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր